Բենիամին գյուղի առօրյան պատերազմի օրերին

Շիրակի մարզում է գտնվում մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որ Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Մարզը շուրջ 120 գյուղ ունի, որոնց անունները կա՛մ բնության արտացոլանքն են, կա՛մ հարգանք են այդտեղ ծնված նշանակալի որևէ մարդու հանդեպ։

Գյումրուց ընդամենը 20 րոպեում կարելի է հասնել Բենիամին գյուղ։ «Մեր գյուղը կրում է նախկին Խորհրդային միության գեներալ-մայոր ու մեր համագյուղացի հերոս Բենիամին Գալստյանի անունը։ Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին»,- հպարտությամբ պատմում է Լեյլի Արզումանյանը, որ երեք զավակների մայր է։

Բենիամինում զբոսնելիս ձեզ կողջունեն կարտոֆիլ հավաքող, ցորենի ու գարու արտերում աշխատող մարդիկ, բուրդ ճիպտող կանայք և ընտանի կենդանիների հետ ուրախ խաղացող երեխաներ։

4-ամյա Ոսկանը մեծ հոգատարությամբ խնամում է իր նապաստակներին ու շտապում հեծանիվ քշել գյուղով մեկ․ վայելում է բառացիորեն երկու օր առաջ թարմ ասֆալտապատված փողոցները։ «Թավշյա հեղափոխությունից հետո մեր մարզում բազմաթիվ ճանապարհներ են բարեկարգվել»,- խոստովանում են գյուղացիները։

Փոքրիկ տղան մանկապարտեզ էր հաճախում Գյումրիում, բայց համավարակի պատճառով գարնանից տանն է։ Բենիամինում մանկապարտեզի ու բուժհաստատության շինություններ կան, սակայն չեն գործում՝ խղճուկ պայմանների բերումով։

Վերջերս ՔՈԱՖ-ը գյուղում ենթակառուցվածքային բարեկարգումներ է արել․ խաղահրապարակ է տեղադրել, դպրոցի ճաշարանն է վերանորոգել, ատամնակայան է հիմնել, անգլերենի դասասենյակ է նորոգել, փոխել է համայնքի դպրոցի պատուհանները։

Այս օրերին բենիամինցիները հավաքվում են գյուղամիջում՝ քննարկելու Արցախի պատերազմն ու ստեղծված իրավիճակը։ «Գիտակից կյանքիս 40 տարիների ընթացքում երբեք ինձ այսքան դժբախտ չեմ զգացել»,- ասում է տիկին Լեյլին։ Ինչ ազերիները սեպտեմբերի 27-ին հարձակվել են Արցախի վրա, գյուղացիները որևէ բան անելու սիրտ չունեն, բայց ուզեն-չուզեն՝ ուժ են գտնում անհրաժեշտի և առաջնայինի համար։

Բենիամին Գալստյանը գյուղի միակ հերոսը չէ։ «Մի տղա ունենք, որ մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին ու հիմա էլի սահմանին է, կռիվ է տալիս»,- պատմում է երիտասարդ Լաուրա Մանուկյանը, ով նոր է ավարտել Գյումրիի ուսումնարանն ու աշխատանք է փնտրում համայնքում։

Մինչ աշունը վառ դեղին, խորը նարնջագույն ու արբեցնող բոսոր է ներկում գյուղը, տեղացիներն անցնում են իրենց առօրյա գործերին՝ ականջը լավ լուրերի, որ տղերքը շուտ տուն գան։

Եվ նույնիսկ համավարակի ու պատերազմի օրերին մարդիկ շարունակում են ապրել, աշխատել ու արարել։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org