Փոքրիկ Արագածավանում արվեստով պարուրված մի աղջիկ է ապրում։ Երազում է Իտալիայի մասին, սիրում է Գյումրին և ամեն օր նկարում է իրենց տան բակում։
17-ամյա Իվետա Սարգսյանը ՔՈԱՖ-ի հետ ճամփորդությունն սկսել է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագրին մասնակցությամբ։ «Շատ բան սովորեցի, իմացա շրջակա միջավայրի մասին ու հասկացա, թե որքան վնաս ենք մենք հասցնում բնությանն անընդհատ»,- խոստովանում է Արագածոտնի մարզի երիտասարդ նկարիչը, որ բնության անվիճելի սիրահար է։
Իվետայի հետաքրքրությունների ներկապնակը բազմագույն է՝ դաշնամուր նվագելուց մինչև օտար լեզուներ, ճարտարապետությունից մինչև նկարչություն․ «Առանց մոլբերտի ու վրձինների օրս չի անցնում»։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Իվետան արդեն իսկ հասցրել է վաճառել իր երկու գեղանկարները։ Անձնական եկամուտ վաստակելու քաղցրությունը թևավորել է իրեն։ «Այն, որ ուրիշ մարդիկ հավանում ու գնում են իմ աշխատանքը, մեծ գնահատանք է»,- ասում է աղջիկը, որ երազում է մի օր սեփական արվեստի ստուդիան հիմնել։
Իվետայի կյանքում ամենանշանակալի բացահայտումներից մեկը Գյումրին էր՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը։ Երբ դպրոցական ընկերների հետ այցելեցին Գյումրի, ինքը սիրահարվեց քաղաքի հնաբույր փողոցներին, քաղաքային ճարտարապետության իսկական պատկերին, մշակութային ժառանգությանն ու մարդկանց ջերմ բարբառին։
Ապագայի իր ձգտումներն աշխարհագրական ու մշակութային լայն քարտեզ ունեն։ Տիրապետելով անգլերենին ու ռուսերենին՝ նա ինքնուրուն սկսել է երրորդ լեզուն՝ իսպաներենն ուսումնասիրել։ Առցանց արդիական գործիքները թույլ են տալիս իրեն սովորել լեզուն հենց տանը, որտեղ խնամքով պահում է իսպաներենի նոթատետրերը։
«Շատերը բողոքում են երկարատև մեկուսացումից, բայց ես ինքս ինձ հետ երկար ժամանակ անցկացնելուց չեմ ձանձրանում»,- ասում է Իվետան։ Իր համար համավարակի մեկուսացումը գիրք կարդալու և ավելի շատ նկարելու հնարավորություն է։
Եթե Արագածավանը վրձնելու լինի, Իվետան կանաչի ու լազուրի երանգներ կընտրի, առատ դեղինով կողողի (իր համար սիրո գույնն է) ու տաք նարնջագուն կցողա, որ Արագածավանի ջերմ տների և հյութեղ ծիրանի խորհրդանիշն է։