Ներկեր, վրձիններ, խաղալիք ավտոմեքենաների մասեր, շարժիչներ, սեղանի թենիսի գնդակ, պաղպաղակի փայտիկ, տարբեր հզորության մարտկոցներ և այլ անհավանական ու տարօրինակ մանր դետալներ և իրեր կարելի է գտնել 9-ամյա Աշոտ Հարությունյանի աշխատասեղանին:
Նա վստահ է՝ երբ մեծանա, ռոբոտաշինությամբ է զբաղվելու։
«Ես դեռ չգիտեմ, թե ոնց է կոչվում այդ մասնագիտությունը։ Արի իմ ձևով ասեմ։ Ուզում եմ՝ ռոբոտներ սարքեմ»,- բացատրում է Աշոտը։
Ռոբոտաշինությունը 9-ամյա տղայի հետաքրքրություններից մեկն է։
Աշոտն Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրի մասնակիցներից է։ Համավարակի օրերին նա ինքնուրույն սկսեց նաև քանդակագործությամբ զբաղվել։
Մի օր էլ Աշոտը գնաց տեսնի, թե կտսեր եղբայրը՝ Արտյոմը, ոնց է պարապում մարտեր առանց կանոնների։ Պատմում են, որ Արտյոմը, քանի շատ փոքր էր, հոգնեց մի պահ ու հենց գորգի վրա էլ քնեց։
«Աշոտը խնդրեց մարզիչին թույլ տալ իրեն եղբոր փոխարեն շարունակել։ Դուրն եկավ ու արդեն երկու տարի է եղբայրներով զբաղվում են այդ մարտարվեստով»,- պատմում է տղաների մայրը՝ Զարինեն։