Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում

Ամառը խոհարարական փորձարկումների ու նոր ուտեսների հարցում վարպետանալու ամենահարմար ժամանակն է։

Այդպես է կարծում նաև օձունցի 11-ամյա Հայկ Հախինյանը․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի չինարենի ծրագրի մասնակիցն առաջին անգամ չինական դիմ սամ պատրաստեց՝ առանց տնից դուրս գալու։ Լոռու մարզում՝ իրենց գյուղին մոտ, չինական որևէ ռեստորան չկա, ուստի չինական յուրահատուկ ուտեստի համտեսը Հայկն իր  ընտանիքի համար հենց տանը կազմակերպեց՝ մայրիկի հմուտ ուղղորդմամբ։ Ներշնչվել էին ՍՄԱՐԹամեջի ուղիղ եթերից։ Բայց դե ի՞նչ չինական սնունդ՝ առանց չինական փայտիկների։ Ու գիտե՞ք՝ ինչ։ Հայկը հենց իր ձեռքով պատրաստեց դրանք։

Հուլիսի 23-ին ՍՄԱՐԹամեջի հյուրը Լին Հանն էր՝ Երևանի «ԹայՎայն Ռեփաբլիք» և Mao ze Duck ռեստորանների շեֆ-խոհարարի օգնականը։ Հենց այստեղ էլ՝ ուղիղ եթերում, չինացի հյուրը մեր ուսանողներին և սոցիալական մեդիայի էջի հետևորդներին ցուցադրեց դիմ սամ պատրաստելու եղանակը։

Լինը Հայաստան է տեղափոխվել երկու տարի առաջ։ Հայաստանում ամենաշատը սիրում է իր աշխատանքը, խաշը և շաուրման։

Լինը մեզ հնարավորություն տվեց վիրտուալ կերպով ճաշակելու չինական համեղ այս խորտիկը՝ ներկայացնելով դիմ սամի իրական բաղադրատոմսը։ Դիմ սամը ասիական հայտնի պատառ է՝ պատրաստված բրնձի ալյուրի խմորից՝ մսային կամ բանջարեղենային լցոնով։ Խորտիկը վայելելու չինական ձևը թեյի հետ այն մատուցելն է։

«Չինական խոհանոցը հարուստ է և բազմազան, ամեն տեղանք իր համերն ունի՝ քաղցր ու թեթև ուտեստներից մինչև թթու-կծու։ Օրինակ՝ Շանհայը, որտեղ ապրել եմ երեք տարի, հայտնի է քաղցր խոհանոցով․ գրեթե ամեն ինչի մեջ շաքարավազ են ավելացնում։ Այնինչ Սիչուանի ուտեստները կծու են»,- բացատրում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավար Մեգգի (Մարգարիտա) Ղուլինյանը, որ մեծ սիրահար է չինական հոթ-փոթի և թայ պաոյի (չինական շոգեխաշած մեծ բլիթ)։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի չինարենի ուսանողները ծանոթանում են երկրի խոհանոցի հետ՝ որպես Չինաստանի մշակույթի կարևոր մասնիկ։ «Ուսանողներս հաճախ են հարցնում չինական խոհանոցում արդեն կարծրատիպային դարձած բաղադրիչի՝ միջատների գործածության մասին։ Ես էլ բացատրում եմ, որ եթե նույնիսկ մարդիկ Չինաստանի որևէ նահանգում կամ քաղաքում ուտում են միջատներ, դա չի տարածվում ամբողջ երկրի վրա»,- ասում է Մեգգին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ուսանողները շարունակելու են ուսումնասիրել աշխարհի հնագույն ու բազմազան մշակույթներից մեկը լեզվի և խոհանոցի միջոցով։ Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք կարողանալու մեր ուսանողների համար չինական խոհանոցի իրական համտես կազմակերպել։ Մեգգին ու Լին Հանը խոստացան ՔՈԱՖ-ցիներին ներկայացնել չինական հոթ-փոթը (բառացի՝ տաք կաթսա)։ Այնպես որ, հետևե՜ք մեզ, առաջիկայում դեռ բազում համեղ հանդիպումներ ունենք։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org