Ամառային տաք երեկո է, ու դուք մի սիրուն ֆիլմ եք նայում բաց երկնքի տակ։ Պատկերացրեք, որ դա անում եք փափուկ խոտերին թիկնած՝ Հայաստանի ամենականաչ գյուղերից մեկում՝ Դսեղում։
Մենք միշտ կանգնած ենք մեր ուսանողների գաղափարների թիկունքին, մանավանդ եթե դա համայնքի բարեկեցությանն է ուղղված։ 2019 թ․ աշնանը ՔՈԱՖ-ը դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել մեր շահառուների համայնքային ծրագրերի համար։ Հաղթող երեք ծրագրերից մեկը Լոռու մարզի Դսեղ գյուղում բացօթյա կինոթատրոնի հիմնումն էր։
Հայաստանի գյուղերի մեծամասնության պես, այս գյուղում էլ կինոթատրոն չկա, երեխաներից ու պատանիներից շատերը երբեք կինո չեն գնացել, ոմանք նույնիսկ հեռուստացույց չունեն տանը։ Գյուղի երիտասարդների համար ժամանցի վայրեր չկան, որ սոցիալական ու մշակութային լրացուցիչ լիցքեր ստանան։
Մենք աջակցում ենք Հայաստանի երեխաներին կառուցել ու ապրել իրենց երազած համայնքներում։ Մեր կրթական նախաձեռնությունները զարկ են տալիս երիտասարդների ստեղծարար մտքին ու օգնում նրանց սեփական համայնքի տերն զգալ իրենց։ Մեր երեխաները ցանկացան կինոյի երեկոյի բացառիկ զգացողությո՞ւնն ապրել, ահա, խնդրեմ։
Դսեղում կինոյի ժամ է։
Երեխաները պարզապես վայելում են իրենց նոր բացօթյա կինոթատրոնը, ամեն շաբաթ հավաքվում են տեղի զբոսայգում կինոդիտման։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի շրջանավարտ Գայանե Խառատյանը միջոցառման կազմակերպիչներից է։ «Տատիկս հաճախ է պատմում, թե ինչպես էին խորհրդային տարիներին համայնքային հավաքներ անում՝ ֆիլմ նայում, թեյախմություն կազմակերպում, քննարկումներ վարում։ Դրանով ներշնչված՝ մենք էլ ենք ուզում այդ փորձառությունն ունենալ մեր գյուղում»,- ասում է երիտասարդ դսեղցին, ով արդեն Վանաձորի պետական համալսարանի առաջինկուրսեցի է։
500,000 դրամ դրամաշնորհով մեր ուսանողները բացօթյա կինոդիտման համար խոտերին նստելու ծածկոցներ են ձեռք բերել, ձայնային համակարգ, պրոյեկտոր և ճերմակ սավան։ COVID-19-ի պատճառով կինոթատրոնի գործարկումը հետաձգվել էր։ Բոլոր երեխաները պետք է դիմակներով լինեն, իրարից սոցիալական հեռավորություն պահեն ամբողջ ընթացքում։ Կազմակերպիչները նաև համագործակցում են Դսեղի տեղական ինքնակառավարման մարմինի հետ, որ էլեկտրականություն տրամադրվի, իսկ այցելուներին՝ անվճար դիմակներ ու ձեռնոցներ։
Դսեղի բացօթյա կինոթատրոնը կախարդական վայր է, մի չտեսնված հնարավորություն ամառային զով երեկոն անցկացնելու համար։ Երբ գիշերակացով հայտնվեք ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցում, կինոյի սիրահարների համար բացօթյա այս դիտումներն աներևակայելի զգացողությունների փունջ կլինեն։
Դսեղի մասին մի քիչ էլ կարդացեք, լցվեք նրանով ու առաջիկա հանգստյան օրերին մեկնեք այնտեղ։