«Սովոր ենք կրակոցի ձայներին»,- հանգիստ ասում է 17-ամյա Լաուրա Եսայանը։ Նա ապրում է Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։ Լեռնային Ղարաբաղի ազատամարտից այս կողմ մարդիկ սովորել են անվերջանալի լարվածության պայմաններում ապրել հայ-ադրբեջանական սահմանին։ Օր չկա, որ չմտածեն անվտանգության մասին, երբ գնում են դաշտ՝ աշխատելու կամ երբ մոտ են լինում սահմանին։ Վտանգը կարող է ֆիզիկապես մոտ լինել, բայց հայրենի հողն ու հայոց զորեղ բանակը շատ ավելի մոտ են։
Անցյալ շաբաթ Ադրբեջանը դիտավորյալ հրետակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ գյուղացիների տները, Այգեպարի մանկապարտեզը, դիմակների արտադրամասը, որը կենսական նշանակություն ուներ համավարակի այս օրերին։ «Այս անգամ հրետակոծության ծավալերն ավելի մեծ էին, քան սովորաբար։ Ու թեև բնական է, որ գյուղացիները տագնապային ապրումներ ունենան, սակայն անվերապահորեն հավատում ու վստահում են մեր զինվորների խիզախությանն ու բանակի տեխնիկական հզորությանը»,- ասում է Լաուրան, ով այս օրերին իր ուսերին կարևոր պարտավորություն է վերցրել։
Լաուրան ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի շրջանավարտ է ու հենց նոր է ընդունվել Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ։ Հղկված անգլերենն օգնեց իրեն ոչ միայն բարձրագույն կրթություն ստանալ, այլև իր նպաստը բերել Տավուշի մարզում ներկայիս իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածման գործին։ Նա հակամարտության մասին վստահելի նորությունները տարբեր լեզուներով թարգմանող թիմի անդամ է․ իհարկե, ինքն անգլերենն է ընտրել։ Ապատեղեկատվության անվերջանալի այս հոսքի մեջ Տավուշի երտասարդները ևս մեկ զորք են կազմել, մի դասակ, որ պայքար է մղում տեղեկատվական պատերազմում։
Երեխաները, որտեղ էլ որ ապրեն, արժանի են ապահով ու բարեկեցիկ միջավայրում մեծանալու, օգտվելու որակյալ կրթությունից, առողջապահական ծառայություններից ու մասնակցելու սոցիալական կյանքին։ «2016-ի ապրիլյան պատերազմից հետո մենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի կայուն զարգացումը խթանելու կենսական անհրաժեշտություն տեսանք»,- ասում է ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։ Մինչև օրս մենք 15 ենթակառուցվածքային բարեփոխում ենք իրականացրել Արճիս, Պտղավան, Բերդավան, Վազաշեն, Կոթի և Այգեհովիտ գյուղերում։ Մեր այս բարեկարգումները առաջընթացի երկարաժամկետ հնարավորություններ են ստեղծել Տավուշի մարզի երիտասարդների և, առհասարակ, համայնքի բոլոր անդամների համար։ Նրանց ճարտարագիտության, մաթեմատիկայի նորարարական ծրագրեր են առաջարկվում, ինչպես նաև անգլերենի «Աքսեսը», որն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ գործընկերությամբ։
ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ սենյակների ծրագիրը մեկնարկեց որպես ՍՄԱՐԹ նախաձեռնության բաղկացուցիչ՝ տեխնոլոգիայի և կրթության միջոցող վերափոխելու Հայաստանի գյուղերը։ Տավուշում դրանք թվով 3-ն են՝ Կոթիում, Այգեհովիտուն և Վազաշենում։
Ըստ գյուղաբնակների՝ մինչև ՍՄԱՐԹ սենյակների հիմնումը համայնքները կարծես մեկուսացված էին աշխարհից։ Սենյակները հագեցած են բարձրորակ ինտերնետ կապով, ջեռուցման համակարգով և տեխնոլոգիական նորագույն սարքերով, որոնք ծառայում են դպրոցական և կրթական այլ ծրագրերի, ինչպես Հայաստանի Ստարտափ ակումբների դեպքում։
Սահմանամերձ գյուղերի հզորացումը եղել է ու կլինի մեր գործունեության կարևորագույն առանցքը։ Դուք էլ կարող եք միանալ մեր առաքելությանը՝ նվիրաբերելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված մեր ծրագրերին։