ՍՄԱՐԹ քայլերով՝ դեպի դալար ծիլեր

Ծառի բավականաչափ աճի համար կարող է պահանջվել 10-ից 30 տարի։ Շատ համբերություն, խնամք ու նվիրվածություն է պետք այդ ընթացքին հետևելու և նպաստելու համար։ Անշուշտ, արդյունքն արժե դրանցից ամեն մեկը։

Քայլ առ քայլ՝ դեպի մեծ ազդեցություն

ՔՈԱՖ-ում զարգացման մեր մոտեցումը համապարփակ է և ամբողջական։ 2004թ․-ից ի վեր՝ մենք նախաձեռնել ենք մի քանի ծառատունկեր համայնքներում, ինչպիսիք են Քարակերտը, Լեռնագոգն ու Դեբետը։ Թե՛ կրթության, թե՛ օրինակի միջոցով փորձում ենք խրախուսել մեր նոր սերնդի հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ։ Չնայած մեր գործն ուղղակիորիեն առնչվում է Հայաստանի գյուղական համայնքների հետ, մենք հավատում ենք, որ դրա ազդեցությունը համաշխարհային է։

Համագործակցությունը Մայ Ֆորեսթ Արմենիայի հետ

Մեր գործընկերությունները մեզ հնարավորություն են տալիս առավել մեծ արդյունքների հասնել։

Բնության պահպանությունն ու կայուն տնտեսական զարգացումը այն հիմնարար արժեքներն են, որ կիսում ենք մենք և մեր գործընկեր «Մայ Ֆորեսթ Արմենիա»-ն։ Լինելով համեմատաբար երիտասարդ կազմակերպություն՝ այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։

2019 թ․-ից ձեռք ձեռքի աշխատում ենք նրանց հետ։ «Մայ Ֆորեսթ Արմենիա»-ն Լոռու մարզի Դեբետ գյուղում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում, 1,5 հա տարածքով տնկարան է հիմնել։ Տեղացի 7 աշխատակիցները տարածքում ցանել են կաղնու, հացենու, թխկիի, սոճու, ընկուզենու և ձիակասկի սածիլներ, որ աստիճանաբար զարդարում են հողը կանաչով։

«Մայ Ֆորեսթ Արմենիա»-ի հիմնադիր Անդրե Գումուշճեանը ծնվել է Բելգիայում։ Առաջին անգամ Հայաստան է այցելել 1999 թ․։ Առաջին ծառը, որ տնկել է, Բելգիայում էր, թերևս բնության հանդեպ իր աճող սիրո առաջին դրսևորումը։ Հետո այն պիտի ներշնչանք ու նպատակ դառնար՝ Հայաստանում տարեկան 400,000 ծառ տնկելու համար։

««Մայ Ֆորեսթ Արմենիա»-ն հիմնելու հիմնական դրդապատճառը կլիմայական փոփոխությունների ու անտառների պահպանության անխախտ կամքն էր։ Այնուամենայնիվ, իրական շարժառիթը 2018 թ․-ին էր, երբ գիտակցեցի՝ տարեկան որքան CO2 է արտանետվում՝ ամեն մարդու կտրվածքով։ Շատ կազմակերպություններ ծառեր են տնկում Աֆրիկաում, Հնդկաստանում․ ինչու՞ չտնկել նաև Հայաստանում»,- բացատրում է Անդրե Գումուշճեանը։

Կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ՝ տեղական ծառատեսակներ։ «Մայ Ֆորեսթ Արմենիա»-ն իր վրա է վերցրել Հայաստանի անտառվերականգնումը և անտառապատումը, որ նշանակում է ծառեր տնկել այնտեղ, ուր մինչ այդ դրանք չեն եղել։ Առաջին քայլը տնկարաններ ու ջերմատներ ունենալն է, որ կազմակերպությունն իրականացնում է իր գործունեության հենց սկզբից։

«ՔՈԱՖ-ի հետ մեր համագործակցությունը իրապես ռազմավարական է, քանի որ մեր նպատակների ու գործողությունների միջև սիներգիա կա․ ստեղծում ենք նոր աշխատատեղեր Հայաստանի հեռավոր շրջաններում՝ նպաստելով տնտեսական զարգացմանը»,- բացատրում է Գումուշճեանը։

Հասուն ծառ ստանալու համար շատ ժամանակ է պահանջվում, բայց «Մայ Ֆորեսթ Արմենիա»-ի հետ միասին մենք նայում ենք ավելի հեռուն՝ մտածելով, թե ինչպիսին կլինի Հայաստանը օրինակ 100 տարի անց։

Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Միասին մենք ցանում ենք ավելի առողջ էկոհամակարգ։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org