Լևոն Արոնյան․ ոգու և աշխատանքի խաղը

Ծափերը չէին դադարում, երբ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամֆիթատրոնում հայտնվեց շախմատի միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը։

Վանաձորից, Ալավերդուց ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի շրջակա գյուղերից հավաքված պատանիներն ու երիտասարդները մեծ ոգևորությամբ էին եկել «Մարտնչող ոգի և ջանասիրություն» խորագրով հանդիպմանը։

«Մարդը՝ ՍՄԱՐԹ» ձևաչափով միջոցառման ընթացքում հիմնական թեման շախմատն էր․ «Շախմատն ինձ սովորեցրել է առաջ նայել։ Սովորաբար մարդը չի մտածում ապագայի մասին, մտածում է անցյալի մասին։ Խաղի ընթացքում արված սխալով չպիտի ապրես, պետք է փորձես շտկել այն»։

Աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը խոսել շատ չի սիրում, սակայն մեծ ուրախությամբ պատասխանում է հարցերին։ Իսկ հարցերի տարափը մեծ էր՝ պայքարի ց ու հաջողության ուղուց մինչև անձնական որակներ ու նախասիրություններ։

«Բնույթով ալարկոտ եմ։ Քանի որ ինձ համարում եմ տաղանդավոր, տաղանդավորներից շատերն են այդպես։ Բայց պահ է գալիս, երբ չես կարողանում միայն տաղանդով հաջողության հասնել։ Հենց այդ ժամանակ է, որ պետք է գործել ու աշխատել»,- ասաց Լևոն Արոնյանը։

Երբ լոռեցի երեխաները Արոնյանին մրցակիցների մասին հարցրին, ասաց, որ ավելի շատ սիրում է խաղալ այն շախմատիստների հետ, ում հաճախ պարտվել է․ պարտությունն ստիպում է ավելի շատ աշխատել ու ջանք թափել։ Իր վրա աշխատում է անընդհատ, ամեն օր 4-5 ժամ պարապում է, նաև՝ մարզվում ֆիզիկապես։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի սաներից մեկին հետաքրքեց, թե ինչով կզբաղվեր Լևոն Արոնյանը, եթե շախմատիստ չլիներ․ «Կզբաղվեի մի այնպիսի գործով, որտեղ անընդհատ կզարգանայի։ Գուցե երաժշտության ոլորտում լինեի։ Շախմատն ու երաժշտությունը նման են անընդհատ պիտի աշխատես տեխնիկայի կատարելագործման վրա ու մեծացնես գիտելիքդ»։

Միշտ լրջադեմ Արոնյանը հաճախ էր հումոր բանեցնում, հատկապես երբ խոսքն իր անձը որևէ կերպ ընդգծելուն էր հասնում։ Զավեշտալի պատմություն պատմեց․ ինքն իր շան հետ տաքսի էր նստել Երևանում։ Վարորդը չէր ճանաչել ու խոսում էր շան մասին։ Իսկ երբ կողքի մեքենաներից մարդիկ սկսել են ողջունել շախմատիստին, վարորդը զարմացել է․ «Փաստորեն, շունդ այնքան հայտնի է, որ քեզ էլ են նրանով ճանաչում»։

Մոտիվացնող ու ոգևորող հարց ու պատասխանի ընթացքում ամենից անհամբերն այն պատանիներն էին, ում հետ հանդիպման ավարտին աշխարհի կրկնակի գավաթակիրը համաժամանակյա բլից խաղ էր անցկացնելու։ Ու թեև հաղթողներ ու պարտվողներ չեղան, բայց Լևոն Արոնյանի հորդորը բոլորը պահեցին մտքում․ «Պետք է ձգտում ունենալ, խանդավառվել սեփական նպատակով, որ կարողանաս ապացուցել քեզ և մյուսներին, որ լավագույնն ես»։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org