Վարդենիկցի Հայկն ու ՔՈԱՖ-ի շրջիկ ցուցահանդեսը

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղը բնակչության թվով հանրապետությունում առաջինն է համարվում։ Համայնքում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ խաչքարեր կան, տեսարժան վայրեր` «Ավերակներ» կիկլոպյան ամրոցը, Վարդենիս գետի ափի ժայռապատկերները, Իշխանաց վանքը․․․

Տասնամյա Հայկն էլ հենց այդ գյուղից է։ Ուրախ, հետաքրքրասեր տղա է, նկարիչ է ուզում դառնալ։ Ասում է, որ գյուղում երեխաների համար շատ զբաղմունքեր կան` խմբակներ, երաժշտական դպրոց։

Իսկ այս տարի Հայկն ուրիշ զբաղմունք էլ ունեցավ․ Վարդենիկի գլխավոր պուրակում տեղի ունեցավ «Ավելուկի փառատոնը», որտեղ կարելի էր ավելուկի ամենաերկար հյուսքը գործել, ուրախ երաժշտական համարներ վայելել ու համտեսել Գեղարքունիքի ավանդական ուտեստները։ Հայկն այդ ամենն արեց, բոլոր տաղավարների արտադրանքին ծանոթացավ, նույնիսկ վարչապետի տիկնոջը հասցրեց տեսնել։ Ապա, պուրակից դուրս գալիս, մի գեղեցիկ, դեղին ավտոբուս նկատեց։ Հետաքրքրվեց, մոտեցավ, տեսավ, որ սովորական տուրիստական ավտոբուս չէ։

«Նստարաններ չկա՞ն»,- զարմացած ասաց նա։

Տղային ներս հրավիրեցին․ «Արի, արի, նստարաններ չկան, բայց սիրուն լուսանկարներ կան։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ՔՈԱՖ-ի պատմությունն ենք ներկայացնում․․․»

Հայկը մտավ, նայեց, ոգևորվեց։ Այդպիսի բան դեռ չէր տեսել․ շրջիկ ցուցահանդես-ավտոբու՞ս․․․ ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներին հարցեր տվեց, ամեն ինչ իմացավ ու․․․ սկսեց մարդկանց կանչել, բերել դեպի ավտոբուս։ «Եկեք, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Տեսնու՞մ եք, սա Լեռնագոգի դպրոցն է, առաջ քարուքանդ վիճակում է եղել, հիմա սիրուն սարքել են։ Սա էլ  Դեբետն է, ՍՄԱՐԹ կենտրոն տանող ճանապարհը․․․»

Այդ օրը Հայկը շրջիկ ավտոբուսի ուղեկցորդն էր դարձել ու բոլոր այցելուներին ներկայացնում էր ՔՈԱՖ-ի անցած ուղին: Ցուցահանդես-ավտոբուսի այցելուներից էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան ղեկավար Սանի Լուն, Վարդենիկի բնակիչներ, հյուրեր։ Խաղաղության կորպուսի կամավոր Թրեվոր Բրաունը շատ էր հավանել ցուցահանդեսը․ «ՔՈԱՖ-ը հրաշալի գործ է անում»,- ասաց նա։- «Եւ լավ է, որ հատկապես Գեղարքունիք եք եկել։ Այդ մարզը շատ նման է իմ հարազատ Ալաբամային․ պահպանողական է և հյուրասեր»։

Միջոցառման ավարտին վարդենիկցիները խնդրեցին, որ ՔՈԱՖ-ն իրենց մոտ էլ ծրագրեր իրականացնի։

ՔՈԱՖ-ի շրջիկ ցուցահանդես-ավտոբուսը շարունակելու է ճանապարհորդել Հայաստանի մարզերով և մասնակցել տարբեր փառատոների ու միջոցառումների՝ մարդկանց ներկայացնելով հիմնադրամի 15 տարիների պատմությունը։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org