ՔՈԱՖ համագումարների կենտրոնի հիմնարկեքը

Օգոստոսի 8-ին Լոռու Դեբետ համայնքում տեղի ունեցավ ՔՈԱՖ համագումարների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Կենտրոնը  կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և վերջինիս հիմնադիր դոկտոր Կարո Արմենի նախաձեռնությամբ:

Համագումարների կենտրոնը Լոռու Դեբետ համայնքում կառուցված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կարևոր ենթակառուցվածքներից մեկն է՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ու Կոնցեպտ հյուրանոցի հետ մեկտեղ:

Կառուցվող կենտրոնն ունենալու է 1826 քմ մակրես և ներառելու է  համագումարների 2 դահլիճ, հյուրանոցային 20 համար, ճաշարան, հանգստի ու ժողովների սենյակ։ Կենտրոնում կանցկացվեն տարբեր համաժողովներ, համագումարներ, էքսպո-ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։

Հիմնարկեքի արարողության ընթացքում ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց, որ համագումարների կենտրոնի հիմնական առաքելություններից մեկը Լոռու մարզի տնտեսական զարգացմանն ու զբոսաշրջային գրավչությանը նպաստելն է։ «Մենք ունենք ևս մի կարևոր նպատակ․ ցանկանում ենք, որ մեզ մոտ հյուրընկալվեն Հայաստանի բոլոր մարզերից ու աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած երիտասարդներ։ Նրանք կարող են մնալ այստեղ ու մասնակցել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվող ճամբարներին ու այլ միջոցառումներին»,- ասաց պարոն Խաչատուրյանը։

Այսպիսով, համագումարների կենտրոնն էլ ավելի կընդլայնի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հնարավորությունները՝ նպաստելով գյուղական համայնքների կրթական ու տնտեսական առաջընթացին։

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին  Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, ՔՈԱՖ Հայաստանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիչարդ Բեզջյանը, ՔՈԱՖ-ի հիմնադրի ներկայացուցիչ և ավագ խորհրդատու Էրիկ Գյուլազյանը, ՔՈԱՖ-ի ավագ խոհրդատու Հայկ Բոյաջյանը, «Կանակա» շինարարական ձեռնարկության նախագահ Հայկ Հովիվյանը, Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը, Դեբետ համայնքի նախկին ղեկավար Արարատ Քոչարյանը, «d’Արվեստանոց» ստուդիայի ճարտարապետներ Արսեն Կարապետյանն ու Գրիգոր Հայկազյանը, համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Արարողության ընթացքում բոլոր հյուրերին առաջարկեցին բահերով հող լցնել շենքի կառուցման հատվածներից մեկում՝ խորհրդանշելով շինարարական աշխատանքների սկիզբը, որից հետո փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հույս հայտնեց, որ ՔՈԱՖ-ի ու մարզպետարանի միջև համագործակցությունը շարունակական կլինի։ «Շնորհակալ ենք գյուղական համայնքների զարգացմանը նպաստող ձեր գործունեության համար»,- ասաց տիկին Մարկոսյանը։- «Կարծում եմ, կենտրոնի շնորհիվ Լոռու մարզն ավելի շատ այցելուներ կունենա»։

«Եւ եկեք չմոռանանք այս նախաձեռնության հիմնական էությունը»,- ավելացրեց Կորյուն Խաչատուրյանը։- «Շենքը կարող է խիստ գեղեցիկ լինել, բայց միշտ պետք է հիշել, որ ավելի կարևոր է այն «բովանդակությունը», որն առաջարկվում է այդ շենքի միջոցով»։

ՔՈԱՖ-ի համագումարների կենտրոնը նախագծվել է «d’Արվեստանոց» ճարտարապետական ստուդիայի կողմից, իսկ շինարարությունն իրականացնելու է «Կանակա» ընկերությունը։ Կենտրոնը շահագործման կհանձնվի և կգործարկվի 2020թ․ ավարտին։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org