Բարի գալուստ Քարինջ, որ հավերժացել է Սարյանի վրձնով

Լոռու մարզի լեռներում ծվարած ամենափոքր գյուղերից մեկում ենք։ Բարի գալուստ գրեթե 700 բնակիչ ունեցող Քարինջ գյուղ։ Վաղ գարնանային ծաղիկներն ու կանաչ մարգագետինը Քարինջի զարմանահրաշ բնության միայն մի դրվագն են։

Գյուղը հավերժացել է հայ նկարչության վարպետ Մարտիրոս Սարյանի վրձնով։ Տեղի բնակիչները հպարտությամբ կհիշեն այդ պատմությունը։ Մի անգամ Սարյանն այցելում է Դսեղ՝ իր լավ ընկերոջը՝ ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին հյուր։ Շրջելով Դսեղում՝ Սարյանը դիմացի լեռներում նկատում է Քարինջ գյուղն ու անտարբեր չի կարողանում անցնել։ Գյուղի հիասքանչ բնության պատկերը հանձնում է իր կտավին՝ դարձնելով այն Քարինջի այցեքարտերից մեկը։ Հենց այդ նկարն էլ պատկերված էր հայկական նախորդ 5000-դրամանոցի վրա։

Ասում են՝ գյուղը հիմնադրվել է 1800-ականներին, երբ կողքի Մարց գյուղից հինգ ընտանիք տեղափոխվել է այստեղ։ Երբ նորաբնակներին հարցրել են, թե ինչ կա գյուղում, պատասխանել են․ «Քար, էլ ի՞նչ»։ Այսպես է ծագել գյուղի անունը՝ Քարինջ։ Գյուղի պատմական վայրերից են Ճգնավորի խաչ մատուռը, Չաթինդաղ լեռը՝ 2244 մետր բարձրությամբ, և Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։

Որպես մեր շահառու 64 գյուղերից մեկը՝ Քարինջի դպրոցականները հնարավորություն ունեն այցելելու ՍՄԱՐԹ սենյակ և մասնակցելու արտադասարանային ակումբներին, ինչպես նաև հաճախելու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։ ՔՈԱՖ-ը նաև բազմաթիվ սեմինարներ է անցկացրել տեղացիների համար առողջ ապրելակերպի թեմայով։ Երեխաները Քարինջի մեր միակ շահառուները չեն․ մեծահասակներն օգտվում են անվճար բուժզննումներից ու բժշկական հետազոտություններից։

Գյուղի պատանիները երազում են իրենց համայնքն ավելի լավը դարձնել, երեխաներն ուզում են սովորել, ստեղծագործել ու երևակայել։ Շատ զբաղմունքներ չկան Քարինջում, բայց դժվար թե գտնվի մեկը, որ չի աշխատում։ Ընտանի կենդանիների խնամքը, հողագործությունը, վար ու ցանքը և բերքահավաքը, սար բարձրանալն ու արևի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կոփել են տեղացիներին՝ դիմակայելու դժվարություններին։

Քարինջի գեղեցկությունը բնությունն ու մարդիկ են։ Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ այլ հայկական գյուղերում, այստեղ էլ գյուղացին զերծ չէ առօրյա խնդիրներից․ խմելու ջրի, աղբահանության ու տրանսպորտի խնդիր կա։ Անձրևից հետո ճանապարհները դառնում են ցեխառատ ու դժվարանցանելի։

Հայաստանի գյուղերում այնքա՜ն չբացահայտված ներուժ կա։ ՔՈԱՖ-ին նվիրաբերված ամեն դրամն ավելի շատ գյուղաբնակ երեխաների է հնարավորություն տալիս բացահայտելու իրենց հնարավորություններն ու բարձրացնելու իրենց կյանքի որակը։ Համայնքների զարգացումն սկսում է ամեն երեխայից, ով հավատում է իր ուժերին՝ զարգանալով ու զարգացնելով իր համայնքը։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org