Ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիներին լույս բերող «Լապտերները»

Վերջերս մեր ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի երաժշտական ծրագրերի ուսանողները խիստ տպավորիչ համերգ վայելելու հնարավորություն ունեցան։ ՍՄԱՐԹամեջում էին «Լապտերներ» նախագծի պատանի երաժիշտները, որոնք իրենց հասակակից ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիների, ինչպես նաև միջոցառման բոլոր ներկաների հետ սիրով կիսվեցին ազգային երաժշտության մասին գիտելիքներով ու նվագելու հմտություններով։

«Մենք փորձում ենք աշխարհը մոտեցնել գյուղական համայնքներին»,- միջոցառումը բացեց ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավար Քրիստ Մարուքյանն ու ժպտալով ավելացրեց․ «Խավարի դեմ պայքարելու ամենալավ ձևը լույսը շատացնելն է։ Իրականում, մեր բոլորի գործը հենց դա է․ լույս բերելը»։

Այս անգամ «լույս բերել էր» «Լապտերներ» նախագիծը, որը բաղկացած է 5-15 տարեկան լուսավոր ու տաղանդավոր մանուկներից։ Վոկալիստ Անին, դուդուկահարներ Վաչեն ու Վահագնը, քամանչահար Հովհաննեսն  ու մյուսներն ազգային նվագարաններով ներկայացրին ազգային երգեր ու պարեր, ինչպես նաև Կոմիտասի ամենահայտնի գործերից։ Ի դեպ, երեխաները շատ ինքնուրույն էին․ ոչ միայն նվագում էին ու երգում, այլև վարում էին համերգը։

Համերգն սկսվեց Կոմիտասի «Կաքավիկով»։ Ողջ առաջին հատվածը Կոմիտասին էր նվիրված, իսկ երկրորդ մասն ամբողջովին բաղկացած էր ազգային երգերից։ Երաժշտական ձևավորման մի մասն իրականացրել էր օպերային երգչուհի, «Լապտերներ»-ի գեղարվեստական ղեկավար, «Artissimo» ՀԿ-ի հիմնադիր Էկա Հորցկան, որի հայրը ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայ։  «Artissimo» կազմակերպությունը  ստեղծվել է 2017 թվականին։ Նպատակը տարատեսակ խնդիրների լուծումն է՝ օգտագործելով  արվեստի բուժիչ, կառուցողական գերուժը։

Նախագծի մեկնարկը կայացել է «Նարեկացի» արվեստի միությունում, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շրջանակներում, երբ 150 շնորհալի մանուկներ և պատանիներ իրենց տաղանդով և ներկայացրած արվեստով վառեցին հիշատակի, ոգեկոչման և վերածննդի 100 լապտերիկներ՝ ներկայացնելով հայի անկոտրում գենը։

Իսկ այս անգամ «Լապտերները» լույս ու ջերմություն հաղորդեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամֆիթատրոնում հավաքված հարյուրավոր երեխաներին, որոնք հաճույքով ծափահարում ու ձայնակցում էին իրենց հասակակիցներին։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org