Մեծահասակների կրթություն․ սովորում ենք երեխաների հետ

«Շատ եմ փոխվել» արտահայտությունն ամենահաճախն ենք լսում ՔՈԱՖ-ցի երեխաների ծնողներից, երբ խոսքն իրենց ու զավակների հարաբերությունների մասին է։

Հայաստանի գյուղական համայնքները բոլոր ուղղություններով զարգացնելը ՔՈԱՖ-ի համար կենսական է․ երեխայի և ընտանիքի ծառայությունները մեր ծրագրային հիմնասյուներից են։ Իրազեկման բարձրացման նախաձեռնությունների շնորհիվ մենք զորակցում ենք ամենակրտսերներին ու նրանց ընտանիքներին կրթության, վերապատրաստումների, մասնագիտական զարգացման միջոցով։

Ակնհայտ է, որ ծնողները կարող են ու իրապես ազդում են երեխաների վրա։ Երեխաների զարգացման տեմպերն ու վերջնարդյունքը բազմաթիվ գործոններով են պայմանավորված։ Դաստիարակությունը, անշուշտ, որոշիչ գործոն է։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Մանկան զարգացման անկյունը 

Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյուն է հաճախում շրջակա 10 համայնքների 150 երեխա։ Մասնագետների խումբն աշխատում է երեխայի ճանաչողական, զգացական և սոցիալական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև խթանում է ստեղծագործականությունն ու ինքնուրույնությունը զանազան խաղերի ու վարժությունների միջոցով։

Սովորում ենք միասին, սովորում ենք իրարից

Երեխաները Մանկան զարգացման անկյուն են հաճախում՝ երեք տարեկանից սկսած։ Առաջին հինգ ամիսներին ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները, ասենք՝ տատիկ-պապիկները, քեռի-հորաքույրները, այցելում են կենտրոն ու մնում երեխաների հետ։ Այսկերպ մեր մասնագետները ցանկանում են ապահովել երեխայի՝ նոր միջավայրին անցավ ու առանց վախերի հարմարվելու գործընթացը։

Մասնագետները նաև խորհուրդներ են տալիս ծնողներին, որ նրանք հնարավորինս համբերատար ու ընկալունակ լինեն, երբ երեխան սխալ է թույլ տալիս։ Հենց որ հինգ ամիսը լրանում է, ծնողներն արդեն երեխաներին սպասում են սենյակից դուրս, մի երկու ամիս, որ երեխան կարիքի դեպքում զգա ծնողի ֆիզիկապես մոտ լինելը։

Ծնողները, հատկապես մայրիկները, սիրում են այցելել ՍՄԱՐԹ կենտրոն․ սա իրենց համար յուրահատուկ ժամանցի վայր է, ուր հանդիպում են միմյանց, նորություններ փոխանակում, ինտերնետ կապից օգտվում (գյուղերում ինտերնետի հասանելիությունը հաճախ խնդիր է) կամ ժամանակ են անցկացնում ՍՄԱՐԹ-ի գրադարանում, որտեղ դասական ու ժամանակակից գրականության մեծ ընտրանի կա։

Նարինե Մովսիսյանն անցկացնում է հերթական հանդիպումը ծնողների հետՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը մեծահասակների համար անգլերենի ու համակարգչային գրագիտության ծրագրեր է մշակել․ «Կար ժամանակ, երբ ծնողները բերում-թողնում էին իրենց երեխաներին Մանկան զարգացման անկյունում ու շտապում իրենց ծրագրին»,- հիշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման ծրագրավար Նարինե Մովսիսյանը։ Նրան շատ է ոգևորում ամեն երեխայի ու ծնողի գրանցած առաջընթացը։ Նարինեն հավատացած է, որ երեխաներին պետք է ինքնարտահայտման ազատություն տալ ու զարգացնել ստեղծարարությունը։

Սեմինարներ և թրեյնինգներ
Ամեն ամիս Մանկան զարգացման անկյունի մեր մասնագետները ծնողների համար սեմինարներ են անցկացնում։ Թրեյնինգները նունպես չափազանց սիրված են ծնողների կողմից ու անցկացվում են 10-15 հոգանոց խմբերով։ 2019 թ․-ից սկսած ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեծահասակների կրթության նախաձեռնությունները, տարաբնույթ դասընթացներն ու աշխատաժողովները համաֆինանսավորվում են մեր գործընկեր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից։

Մասնագետները ծնողների հետ քննարկում են երեխայի վարքի տարբեր դրսևորումներ, պատմում, թե ինչու են երեխաները հաճախ վախեր ունենում, ու ինչպես հաղթահարեն դրանք։ Անպայման խոսվում է նաև երեխայի վրա ձեռք բարձրացնելու բացասական ազդեցությունների մասին․ «Ոչ միայն բացատրում ենք, որ երեխային խփելը սխալ է, այլև հուշում ենք թե ինչ այլ լուծումներ տալ խնդիրներին»,- բացատրում է Նարինե Մովսիսյանը։

«Տղաս հրաժարվեց մանկապարտեզ գնալ, բայց արդեն երկու տարի է՝ մեծ հաճույքով գալիս է Մանկան զարգացման անկյուն։ Այն, ինչն ինքս չեմ կարողանում բացատրել երեխայիս, ընկեր Նարինեն անում է «կես խոսքով»։ Ես շատ բան եմ սովորել ոչ միայն ծնողավարության մասին, այլև ընտանեկան հարաբերությունների ու կյանքի, առհասարակ»,- ընդգծում է Նարինե Թումանյանը՝ Մանկան զարգացման անկյուն հաճախող Հայկ Ղուլինյանի մայրիկը։

Մեծահասակների կրթության մեկ այլ կոմպոնենտ էլ այն է, որ ծնողներն իրենց երեխաների համար խաղալիքներ են պատրաստում առաջին հայացքից անպետք թվացող իրերից։ Շատ խաղալիքներ գնելը հաճախ մատչելի չէ բազմաթիվ ծնողների համար, իսկ այս կերպ թե՛ ծնողներն են հաճելի ժամանակ անցկացնում, թե՛ երեխաներն են ուրախանում՝ ունենալով իրենց մայրիկների պատրաստած խաղալիքները։

Նրանք հասկանում են, որ հրաշալի, թանկագին խաղալիք ունենալու համար, փողը չէ, որ կարևոր է։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org