Բոթաս, Գիզմոն, Ռայնո, Սեռիկ, Ռիժիկ, Զռթիկ` սա ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Տարոն Մարուքյանի կատուների ոչ լրիվ կազմն է։ Նրանք ինն են, և նրանցից ոչ մեկի անունը պատահական չէ ընտրված։
Առաջին կատուն, որ հայտնվել է Տարոնի տանը, Ռայնոյի մայրիկն էր՝ Զռթիկը։
«Երևան մենակ էի ապրում ու որոշեցի՝ կատու պահեմ։ Կատուները շատ ինքնուրույն են այդ առումով, շատ խնամք չեն պահանջում»,-պատմում է նա։
2016թ․, երբ Տարոնը որոշեց հետ վերադառնալ հարազատ Վանաձոր, Զռթիկին էլ հետը բերեց։
«Հետո Զռթիկը ձագեր ունեցավ, դե հո տնից չէի հանի։ Բայց ամենահայտնին ու մարդամոտը Բոթասն է»,- ասում է Տարոնը, ով արվեստանոցն ու առօրյան առանց կատուների է՛լ չի պատկերացնում։
Այնուամենայնիվ, Տարոնի համար առաջնայինն արվեստն է, հետո միայն կատուները։
«Եթե նկարիչ ես, ապա պետք է ապրես դրանով։ Նկարելուց շատ ես մտածում եմ, թե ինչ նկարեմ»,- բացատրում է Տարոնն ու, օգտվելով ազատ ժամանակից, շարունակում աշխատել նոր գործերից մեկի վրա։
Սովորաբար զուգահեռ մի քանի գործի վրա է աշխատում։ Ասում է՝ դեռ շատ անելիք կա։ Այդ «անելիքը» տեսանելի է, թերևս, նրա աչքին և միգուցե Բոթասի, ով սիրում է հարմար տեղավորվել աթոռին կամ բազմոցին ու գիտակի հայացքով ուսումնասիրել ավարտուն և կիսատ կտավները։
Տարոնն աշխատում է, որ մի օր ԱՄՆ-ի թույն պատկերասրահներում իր գործերը ցուցադրվեն։
#1.Տարոնի դիմանկարը նրա վերջին անավարտ գործերից մեկի ֆոնին։ Յուրօրինակ ակնոցները պաշտպանում են ներկերի ու նյութերի ազդեցությունից։.
*Ընկերական շրջապատում Տարոնին ու Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրանց անունները չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը երկուսն էլ արձագանքում են։