Նրա ուշքը գնում է պարի համար, բայց անընդհատ նոր արկածներ է փնտրում՝ թուրքերենի ուսումնասիրությունից մինչև թատրոն։ Ծանոթացեք՝ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից 14-ամյա Վարազդատ Հարությունյանն է, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «վետերաններից»։
«Որ նոր-նոր էի գալիս ՍՄԱՐԹ, սիրում էի շրջել, ուսումնասիրել ամեն մի անկյունը։ Մինչ այդ էսպիսի հետաքրքիր ու սիրուն շինություն չէի տեսել»,-խոստովանում է Վարազդատը։
ՍՄԱՐԹ-ի ճարտարապետությունից առավել Վարազդատը սիրեց առաջարկվող ծրագրերի բազմազանությունը։ Յուրաքանչյուրի սրտով ու «հագով» մի բան կա։
Պարի ծրագրի երեք մակարդակներն ավարտելուց հետո նա վերջերս ընտրեց Կառավարում ծրագիրը։
«Ճիշտ է պարը շատ եմ սիրում, բայց դա չի խանգարում ինձ այլ հետաքրքրություններ ունենալ ու բազմակողմանի զարգանալ։ Մինչև պարի ուսումնարան ընդունվելը, ուզում եմ հասցնեմ ՍՄԱՐԹ-ի մնացած ծրագրերին էլ հաճախել»,- անկեղծանում է Վարազդատը, ով ամենից շատ ուզում է պարի ուսուցիչ դառնալ ու ճամփորդել աշխարհով մեկ։