Երևանից մոտ 2 ժամ սարեր-ձորերով գնացինք, հասանք Դեբետ։ Եղանակն այնքան հաճելի էր, որ մինչ ՍՄԱՐԹամեջը սկսելը դրսում զբոսնեցինք, նկարվեցինք, զրուցեցինք․․․և ահա, սկսեցինք։
Երբ միանում են բնությունը, առողջ ապրելակերպը, մտավոր և ֆիզիկական ներդաշնակությունը, ու մեզ հյուր է գալիս յոգայի փորձառու մասնագետ Բելլա Մաչկալյանը, ՍՄԱՐԹամեջը լրիվ ուրիշ է դառնում։
Բելլան, ով մասնագիտությամբ հյուրանոցային բիզնեսի կառավարիչ է, 10 տարուց ավել զբաղվում է յոգայով՝ նաև որպես ուսուցիչ։ Նա տարածում և սովորեցնում է մարդկանց՝ ինչպես հավասարակշռված ապրելաոճ ունենալ և առողջ ու ճիշտ սնվել։
Հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության համար նախ կարևոր է ֆիլտրել, հեռացնել ավելորդ ու բացասական ինֆորմացիան։ Որքան ազատ տարածք ենք թողնում ուղեղում, այնքան ուղեղի ստեղծագործ հատվածն ավելի արդյունավետ է աշխատում։ «Մարդն օրվա 70%-ը պետք է զբաղվի այն գործով, ինչը սիրում և հաճույքով է անում»,- հիշեցնում է մեզ Բելլան։
Այնուհետև, մարզանքներ, խորը շունչ․․․արտաշունչ։ Այո՛, կարողացանք 1․5 ժամում թե՛ մարզվել, թե՛ սովորել արագ ու հեշտ կիրառելի վարժանքներ, որոնց մասին հաճախ մոռանում ենք առօրյայում։ Մարզանքին միացել էին ոչ միայն ՍՄԱՐԹ-ի ուսանողները, այլև անձնակազմը։
Ակտիվ և շնչող օրգանիզմի մասին խոսելիս չմոռացանք նաև հանգստի մասին։ «Մենք չենք կարող ապրել առանց հանգստի բաժնի։ Ակտիվ լինելու համար պետք է մեր հանգստին բավարար ժամանակ տրամադրենք»,- նշում է Բելլան։ Երբեմն սեփական հանգստով զբաղվելու համար ժամանակ է պետք, և այդ ժամանակը շատ է լինում, երբ մեր գործերը լավ ենք կազմակերպում ու կանոնակարգում։
Հերթական ՍՄԱՐԹամեջն ավարտվեց ու մենք հիշեցինք, որ երբ կյանքում ամեն բան իր դարակում ես դնում, թե՛ միտքը, թե՛ մարմինը ազատ տարածք ավելի շատ են ունենում․ ազատ տարածք՝ խորհելու, ստեղծագործելու և իհարկե մարզվելու համար։
«Մեջքը ուղիղ կպահեք»,-եզրափակեց Բելլան։
Շնորհակալություն, Բելլա՛։ Պայմանավորվեցինք: