Կյանքը ծիծաղով լեցուն բեմի ետնաբեմում

«Թատրոն որքա՞ն հաճախ եք այցելում»,- հարցնում է Նարեկ Դուրյանը։

«Թատրոն չկա, որ հաճախենք»,- պատասխանում են դահլիճից․․․

Այո՛, Հայաստանի գյուղական համայնքներում հասարակական ու ժամանցային վայրերը, ինչպիսիք են կինոթատրոնը, թատրոնը, սրճարանն ու թանգարանը, կամ չկան կամ քիչ են․․․ Կամ էլ նման վայրեր հասնելու համար երկար ճանապարհ է պետք կտրել-անցնել: Ցավոք, հերթը դեռ դրանց չի հասել, բայց․․․ սպասելու փոխարեն՝ մենք այդ խնդիրն այլ կերպ ենք լուծում։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ամիսը երկու անգամ անցկացվում է ՍՄԱՐԹամեջ՝ հանդիպում տարբեր ոլորտների տաղանդավոր, հաջողակ անձանց հետ։ Միջոցառումներին կարողանում են մասնակցել ինչպես ՍՄԱՐԹ-ի ուսանողները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք ու համայնքի բնակիչները։ Նման հանդիպումները միշտ էլ երկկողմանի սպասված են լինում։

Այս անգամ հերթը թատրոնինն էր, և մեզ հյուր էր եկել սիրված դերասան Նարեկ Դուրյանը։ Չնայած ձնառատ ճանապարհին, մենք հասանք ՍՄԱՐԹ։ Դուրյանը, առաջին անգամ լինելով ՍՄԱՐԹ-ում, շրջայց կատարեց կենտրոնով ու կարևորեց մեր ժամանակներում կատարվող նման եզակի բարեգործությունները, որոնք փուչ խոսքեր կամ գործեր չեն, այլ իսկապես միտված են մարդկանց օգնելուն ու նրանց կյանքը բարելավելուն։
Դուրյանին եկել էին տեսնելու թե՛ մեծերը, թե՛ փոքրերը․ սիրված կատակերգուն նրանց պատմելու շատ բան ուներ։

Խոսելով իր կարիերայի մասին՝ Դուրյանը նշեց, որ ոչինչ կյանքում հենց այնպես չի տրվում․ ամեն ինչի համար պետք է աշխատել, շատ աշխատել։ «Հայրս ասաց՝ ուզում ես ոտքի կանգնել, ուրեմն գնա․․․ու ես գնացի»,- հիշում է նա։

«Սկզբում գերմաներեն էի սովորում Ավստրիայում, չստացվեց, չսիրեցի լեզուն, այնուհետև գնացի Մարսել, ապա Փարիզ․ ամեն տեղ կյանքս սկսում էի զրոյից։ Աշխատել եմ որպես բարմեն, թերթեր եմ վաճառել, աշխատել կոշիկի գործարանում, հայերեն երգի դասեր տվել ու ներկայացումներ բեմադրել»,- անկեղծանում է նա։ Այսպես «ոտքի է կանգնել», քայլ առ քայլ, բայց հավատալով իր ուժերին, ինչն էլ խորհուրդ տվեց անել մեր երիտասարդներին։

Մեծանալով մտավորականների ու արտիստների շրջապատում՝ Դուրյանը խոստովանում է, որ հաճախ բեմից հնչող ծիծաղների, կատակների ու ուրախ տրամադրության ետևում միայն ինքը՝ դերասանը գիտի, թե ինչ է իրականում թաքնված։

«Հորս մահվան յոթերորդ օրը ես բեմում էի․ «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը նշանակված էր, տոմսերը՝ վաճառված։ Ներկայացման օրը՝ վաղ առավոտյան, ինձ զանգահարեց Հրանտ Թոխատյանն ու հայտնեց իր հոր մահվան լուրը․ ինքս ինձ մխիթարելու փոխարեն սկսեցի Հրանտին մխիթարել․․․»,- պատմում է Դուրյանը։ Ի վերջո, նրանք երկուսն էլ խաղացին կատակերգությունը մի պարզ պատճառով՝ դերասան լինելը պատասխանատվություն է հանդիսատեսի ու մասնագիտության առջև։

Թատրոնը թերապիայի տեսակ է, այն «բուժիչ» է․ մարդիկ գալիս են իրենց հոգսերը մոռանալու և հանգստանալու։ Այստեղ դերասանը ևս պետք է մոռանա, թե ինչ է կատարվում իր կյանքում։ «Բարդ է, բայց պետք է աշխատես՝ հաշվի չառնելով սեփական խնդիրները․ հանդիսատեսի համար կարևոր չէ, թե քո կյանքում ինչ է կատարվում»,- բացատրում է նա․ «Երբեմն ինքս ինձ մտածում եմ․ արդյոք բեմո՞ւմ է դերասանը ավելի շատ խաղում, թե՞ բեմից դուրս․․․»։

Մոտ երկու ժամ տևած հանդիպումն ավարտելով՝ Դուրյանն ապագա մասնագիտություն ընտրողներին ակնարկեց մի լավ կշռադատել այդ մասին․ «Քո սիրելի գործով զբաղվելը պարզապես շքեղություն է»,- ասում է նա։

ՍՄԱՐԹ-ի ուսանողները Դուրյանից ստացան կարևոր խորհուրդներ՝ շատ կարդալ, կարևորել կրթությունը, չվախենալ դժվարություններից և հիշել, որ հաջողությունն այցելում է նրանց, ովքեր աշխատում են և հավատում իրենց ուժերին:

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org