ՔՈԱՖ-ը, MentorcliQ հարթակի միջոցով, իր կրթաթոշակառուներին միավորում է Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի շրջանավարտների հետ՝ ադպիսով ձևավորելով մենթորության ու մասնագիտական աճի հզոր ցանց։
Ի՞նչն է մենթորին առանձնահատուկ դարձնում… Նրա փորձառությո՞ւնը, քաղած դասերը, թե՞ լսելու և ուղղորդելու կարողությունը։ Թեև այս բոլոր հատկություններն էլ կարևոր են, բայց կա մի բաղադրիչ, որն առանցքային է՝ մենթորի անկեղծ պատրաստակամությունը ներդրում կատարելու ինչ-որ մեկի անձնային/մասնագիտական աճի ճանապարհին։ Եվ հենց այստեղ են հատվում մեր և Մատենայի շրջանավարտների արժեքները։ Այժմ նրանք պատրաստ են իրենց փորձով ու գիտելիքներով աջակցել ՔՈԱՖ շրջանավարտներին՝ ուղղորդելով նրանց կարիերայի հաջորդ կարևոր քայլերը կատարելու փուլում։
ՔՈԱՖ Կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավար Շուշանիկ Բոյաջյանը ներկայացնում է ծրագրի հիմնական բաղադրիչները։
Ուրախ ենք կիսվել ձեզ հետ ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի նոր նախաձեռնությամբ, որը կխթանի մեր կրթաթոշակառուների կրթական, մասնագիտական և անձնային աճը։ Մատենայի շրջանավարտների ակումբի և MentorcliQ-ի հետ համագործակցությամբ մենք ընդլայնում ենք հնարավորությունները երիտասարդների համար՝ տրամադրելով նրանց հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործիքներ:
Ինչու՞ Մատենա
ՔՈԱՖ Սոցիալական աշխատանքի ղեկավար Նախշուն Աֆանեսյանը, ով համատեղությամբ նաև Մատենա շրջանավարտների խորհրդի անդամ է, նախաձեռնության շրջանակում հանդես է գալիս որպես մենթոր։
Ծրագրի շրջանակում մենք մեր կրթաթոշակառուներին փորձում ենք տրամադրել լավագույն հնարավորություններն ավելի ինքնավստահ աճի համար, և Մատենայի հետ իրականացվող մենթորության ծրագիրը հենց այդ հնարավորություններից է։
Մատենան առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց է, որը համաշխարհային մակարդակի կրթություն է տրամադրում Հայաստանի և այլ երկրների մասնագետներին։ Ունենալով միջազգային փորձագետների անձնակազմ և կենտրոնանալով գործնական ազդեցության վրա՝ Մատենան մասնագետներին տրամադրում է գործիքներ, մտածողություն, կապեր՝ փոփոխություններ և նորարարություններ իրականացնելու համար։
Մարինե Միրիջանյան, Մատենայի շրջանավարտ, «Confido Advisory»-ի իրավաբանական խորհրդատվական ընկերության հիմնադիր, ՔՈԱՖ շրջանավարտների մենթոր։
Նրա շրջանավարտները՝ տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, պատրաստ են կիսվելու իրենց փորձով և ուղղորդելու երիտասարդներին։ Այս մենթորները գիտեն, թե ինչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար և ցանկանում են օգնել գալիք սերնդին նույնպես հաջողել:
Ոմանց համար այս նախաձեռնությանը միանալը նաև անձնական նշանակություն ունի։ Ծրագրի մենթորներից մեկը՝ Մարինե Միրջանյանը, որը իրավաբան և «Քոնֆիդո Ըդվայզորի» ընկերության գործադիր տնօրեն է, նշում է. «Ես իմ օրինակով գիտեմ, թե որքան դժվար է գտնել քո ճանապարհը, երբ չունես մենթոր։ Ես ստիպված էի ամեն ինչ միայնակ որոշել՝ որտեղից սկսել, ո՞ւմ դիմել… Շատ դժվար էր։ Հենց այդ պատճառով, երբ լսեցի այս ծրագրի մասին, առանց վարանելու միացա»։
Բացահայտելով MentorcliQ հարթակը ՔՈԱՖ կրթաթոշակառուների համար
MentorcliQ-ը նորարարական հարթակ է՝ ուղղված անձնային և մասնագիտական աճին։ Այն մեկ հարթակում միավորում է մենթորներին ու մենթիներին կառուցվածքային և նպատակային ծրագրերի միջոցով։ Որպես ճկուն վեբ-հարթակ, որը հասանելի է ինչպես դեսքթոփի, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով, թույլ է տալիս օգտատերերին միանալ, հետևել առաջընթացին ու կառավարել իրենց մենթորական փորձն աշխարհի ցանկացած կետից:
Այն կիրառվում է միջազգային առաջատար ընկերությունների կողմից, այդ թվում՝ Disney, AMD, Deloitte ու Takeda Pharma։ Վեց մայրցամաքի ավելի քան 100 երկրում կիրառվող MentorcliQ-ն աջակցում է երկու միլիոն մասնագետի։ Շուտով այն կօգնի նաև մեր ՔՈԱՖ կրթաթոշակառուներին իրենց հաջողության ճանապարհին:
Հզոր համագործակցություն, արդյունավետ մենթորություն
Այս համագործակցության շրջանակում 46 ՔՈԱՖ կրթաթոշակառու՝ ներառյալ բակալավրիատի, մագիստրատուրայի և ռեզիդենտուրայի ուսանողներ, սկսում է մենթորության իրենց ճանապարհը Մատենայի 32 փորձառու մենթորի հետ։ Հարթակը տրամադրում է անհրաժեշտ գործիքներ՝ ապահովելու մենթորության արդյունավետ ու բովանդակալից ընթացքը ինչպես մենթորիների, այնպես էլ մենթիների համար։
Մենթիների համար սա իրական աշխարհի մարտահրավերներին ծանոթանալու և դրանք հաղթահարելու հնարավորություն է։
Գոռ Գալստյանն է՝ ՔՈԱՖ-ի կրթաթոշակառու և Մատենա շրջանավարտների ակումբի հետ իրականացվող մենթորության ծրագրի մասնակից: Գոռը սովորում է Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում:
«Ամենաթանկ դասերից մեկը, որը ես սովորել եմ իմ մենթորից, կրթության մեջ շարունակական ներդրումների կարևորությունն է»,-կիսվում է ՔՈԱՖ-ի կրթաթոշակառու Գոռը, որն այժմ մասնակցում է ծրագրին:-«Հիմա ես հասկանում եմ, որ բիզնեսում նույնիսկ ամենափոքր դետալները պահանջում են շարունակական կատարելագործում, և որ ձեռներեցությունը քրտնաջան աշխատանքի անվերջ ուղի է»:
Շատ մենթիներ կարծում են, որ ծրագիրը ոչ միայն պատկերացում է տալիս այս կամ այն ոլորտի մասին, այլև նրանց համար բացում է կարիերայի նոր հնարավորություններ:
«Քանի որ իմ մենթորը մարքեթինգի մասնագետ է և բիզնես է վարում սրճարանի ոլորտում, ես սկսեցի ուսումնասիրել այս ոլորտը և հասկացա, որ ապագայում հնարավոր է ցանկանամ զբաղվել դրանով։ Մենք նաև մարքեթինգի վերաբերյալ համանման պատկերացնումներ ունենք»,-նշում է Գոռը:
Ազատուհի Սուքոյանն է՝ ՔՈԱՖ-ի կրթաթոշակառու և Մատենա շրջանավարտների ակումբի հետ իրականացվող մենթորության ծրագրի մասնակից:
Մեկ այլ մենթի՝ Ազատուհի Սուքոյանը, հիացած էր իր մենթորի պարզ, բայց գործուն խորհրդով ՝ «եկեք արագ ձախողենք»։ «Մեր հենց առաջին հանդիպման ժամանակ իմ մենթորն ինձ ասաց՝ եթե մենք ձախողելու ենք, եկեք դա անենք հնարավորինս արագ»,- հիշում է նա:-«Դա այն է, ինչ մենք պետք է անենք։ Չափից շատ մտածելու կամ հապաղելու փոխարեն մենք պետք է մի քայլ առաջ գնանք։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, ավելի լավ է դա գիտակցել որքան հնարավոր է շուտ, քան ափսոսալ, որ երբեք չեք փորձել»:
Այս ծրագիրը ոչ միայն օգնում է երիտասարդներին, այլև նոր հեռանկարներ է բացում մենթորների համար։ Մենթորներից Մարինեն կիսվում է. «Յուրաքանչյուր զրույց այս երիտասարդների հետ ինձ նոր բան է սովորեցնում. նրանց մտածողությունը, տոկունությունն ու վճռականությունն իսկապես հիացմունքի են արժանի՝ հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնց բախվում են մարզերում»:
Մենթորության այս ծրագրի արդյունավետությունն արդեն իսկ ակնհայտ է. սաները փոխում են իրենց տեսակետները, բացահայտում նոր հետաքրքրություններ և ստանում գործնական գիտելիքներ այն մասնագետներից, որոնք անցել են այդ ճանապարհն իրենցից առաջ:
Ի՞նչ առավելություններ են ստանում մեր մենթիները
Մենթորության այս ծրագիրն ավելին է, քան պարզապես խորհրդատվություն։ Այն ամուր հիմք է ստեղծում անձնային ու մասնագիտական աճի համար։
Ծրագրի առանցքային ուղղությունները.
- Փորձի փոխանցում | Մենթիները հնարավորություն կունենան ուսումնասիրել ու դասեր քաղել իրենց մենթորների փորձից՝ քննարկելով ինչպես հաջողության պատմությունները, այնպես էլ սխալներն ու թերացումները։
- Կարիերայի զարգացում և առաջնորդություն | Մենթորները կօգնեն մենթիներին զարգացնել հաջողության համար անհրաժեշտ հմտությունները՝ որոշումների կայացումից և հաղորդակցությունից մինչև թիմային աշխատանք ու հարմարվողականություն:
- Նպատակների սահմանում և անձնային աճ | Մենթորները կօգնեն մենթիներին հստակեցնել իրենց անձնական/մասնագիտական նպատակներն ու քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար։
- Կապեր և հնարավորություններ | Մենթորությունը նաև ցանցային կապերի ստեղծման հիանալի հնարավորություն է, որը կարող է բացել նոր դռներ պրակտիկայի և/կամ աշխատանքի համար:
Մարինեի համար մենթոր դառնալու դրդապատճառը գալիք սերնդի ձգտման և ներուժի գիտակցումն է:
«Ինձ ոգեշնչում է տեսնել, թե ինչպես են այս երիտասարդները կառուցում իրենց ապագան, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն է նրանց դա ասել, այլ այն պատճառով, որ նրանք վճռական են դա անել։ Եվ արդյունքում դու հասկանում ես, որ ուզում ես թեկուզ փոքր ներդրում ունենալ նրանց ճանապարհին»։
Շարունակելով հզորացնել Հայաստանի երիտասարդներին
Մենթորության այս ծրագիրը ոչ միայն ուղղված է կարիերայի առաջընթացին, այլ նաև ամուր համայնքի ձևավորմանը, որտեղ գիտելիքները, փորձը և ոգեշնչումը փոխանցվում են սերնդեսերունդ:
Այս նախաձեռնությունը կարևոր ուղենիշ է մեր Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի համար, որը տարիներ շարունակ աջակցում է ՔՈԱՖ շրջանավարտներին բարձրագույն կրթություն ստանալ, զարգացնել մասնագիտական հմտություններ և սկսել իրենց կարիերան: Ֆինանսական աջակցությունից մինչև առաջնորդություն, այժմ նաև անհատական մենթորություն. մենք ձգտում ենք օգնել մեր շրջանավարտներին հասնել իրենց նպատակներին ու նպաստել մեր երկրի զարգացմանը:
Շարունակեք հետևել մեզ՝ տեսնելու այս երիտասարդների հաջողությունները և աջակցելու մեր ծրագրերին։ Դուք նույնպես կարող եք դառնալ այս փոփոխության մասը՝ կատարելով նվիրատվություն հիմա։