Եթե գոնե մեկ անգամ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար, ընտանեկան բժիշկ Լուսինե Անտոնյանի հետ ճանապարհ եք գնացել, ապա հաստատ նկատել եք, որ նա անգամ ճանապարհին հանգիստ չի կարողանում «տեղը նստել»։ Մինչ կհասնենք հերթական համայնք, բժշկուհին հասցնում է հեռախոսով շփվել հիմնադրամի շահառու գյուղերի առողջության կենտրոնների բուժանձնակազմերի հետ։
«2007 թվականին Գյումրիից Երևան եմ տեղափոխվել ու չուզեցի միայն պոլիկլինիկայի աշխատանքով բավարարվել։ Երիտասարդ էի, էներգիաս՝ շատ»,- հիշում է Լուսինեն ու, շարունակելով պատմությունն, ասում, որ ՔՈԱՖ-ում բժշկի թափուր հաստիքի համար չի շտապել դիմել, մինչև ընկերուհին չի պնդել։
«Ընկերուհիս զանգեց ու ասաց, որ իսկն իմ «հագով» գործ է գտել։ Իմ դեպքում դա ենթադրում էր ընտանեկան բժշկի աշխատանք, ազատություն ու աշխատելու լայն դաշտ»:
-Լուսինե Անտոնյան
Սկզբում Լուսինեն Արմավիրի 6 գյուղերի բուժհաստատություններում օգնում էր տեղի մասնագետներին բուժառուների բուժզննման ու խորհրդատվության հարցում։ ՔՈԱՖ-ի «Աջակցող վերահսկողություն» ծրագրի շրջանակում բժշկուհին գյուղաբնակ բուժաշխատողներին աջակցում է տեղում մասնագիտական ուղղվածությունը ընդլայնելու ու վերապատրաստվելու։
«Այսօր մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում ծրագիրը համայնքին փոխանցելու ուղղությամբ»,- բացատրում է բժշկուհի Անտոնյանը և հավելում, որ այս պահին ինքն ակտիվ ներգրավված է Արմավիրի և Լոռու մարզերում «0-5 տարեկան երեխաների խնամք» ծրագրի վերահսկման ու վերապատրաստման գործում։
«0-5 տարեկան երեխաների խնամք» ծրագրի շրջանակում մենք օգնում ենք տեղացի բուժաշխատողներին ճիշտ իրականացնել նշված տարիքի երեխաների խնամքն ու տարեկան պարտադիր բուժզննումը։ Հաճախ նաև ծնողավարման հմտություններ ենք սովորեցնում նորաթուխ մայրիկներին»,-պատմումն է բժիշկ Անտոնյանը, ով ներգրավված է նաև Դսեղի առողջության կենտրոնի բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերում։
Այստեղ ՔՈԱՖ-ի առողջապահական թիմն համայնքի մասնագետներին օգնում է ճիշտ իրականացնել շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման հսկողությունը։
Վերջաբանի փոխարեն…
«ՔՈԱՖ-ը լավագույն հնարավորությունն ու հարթակն է, որն ինձ հնրավորություն է տվել այս տարիների ընթացքում ընտանեկան բժշկի հմտություններս ու գիտելիքներս փոխանցել գյուղաբնակ գործընկերներիս։ Սա ինձ համար պարզապես աշխատանք չէ, այլ էներգիայի ու ոգևորության աղբյուր»։
-Բժիշկ Անտոնյան
Փոքրիկ բուժառուների հետ Լուսինեն ծանոթությունը սիրում է սկսել խաղով։
Խաղին հաջորդում է «իսկական» բուժզննումը։
Երեխաների հետ բժիշկների ամենահավես խաղը «շնչիր,մի շնչիր»-ն է։
Լուսինեն բուժառուին նախապատրաստում է բժշկական առաքելությամբ Հայաստան ժամանած մասնագետների հետ խորհրդատվության։
Երեխաների հետ աշխատող բժիշկները լավ գիտեն, որ հաջող բուժզննման գրավականը փոքրիկ բուժառուի լավ տրամադրությունն է։
Բուժառուն ապահով ձեռքերում է։
Լուսինեն համայնքային բժշկուհուն ներկայացնում է ՔՈԱՖ-ի՝ հղիների համար նախատեսված բրոշյուրին։
Բուժզննման բոլոր էտապներից հետո միայն տեղի բժշկի հետ միասին մշակում են պացիենտի բուժման պլանը։
Առողջ ապրելակերպի համապետական քարոզարշավի շրջանակում Լուսինեն ՔՈԱՖ-ի տաղավարի այցելուներին պատմում է զարկերակային բարձր ճնշման վտանգների ու վերահսկման կարեւորության մասին։