Ինչպե՞ս ՔՈԱՖ-ի նախաձեռնությունը հույս, ամոքում և նոր հնարավորություններ բերեց տեղահանված արցախցի ընտանիքներին։
2023 թ.-ի ճգնաժամից հետո հազարավոր ընտանիքներ ստիպված էին լքել իրենց տները՝ բախվելով զրոյից կյանք սկսելու դժվարությանը։
ՔՈԱՖ-ի H.O.P.E. նախանձեռնությունը ստեղծվեց՝ արձագանքելու Արցախյան պատերազմի հետևանքով բնակչության զանգվածային տեղահանմանը։ Ընդգրկելով բնակարանային ապահովման, կրթական հնարավորությունների ստեղծման, սոցիալ-հոգբանական աջակցության և երեխաների ու նրանց ընտանիքների հզորացման հիմնական ուղղությունները՝ այս համապարփակ ծրագիրը եկավ՝ օժանդակելու Արմավիրում և Լոռիում բնակություն հաստատած արցախահայերին։
Նպատակային միջոցառումների շնորհիվ H.O.P.E. ծրագիրը ոչ միայն բավարարեց ընտանիքների հրատապ կարիքները, այլև նպաստեց կայունությանը, ներգրավմանն ու երկարաժամկետ ազդեցությանը:
Պատերազմի հետևանքները հաղթահարելու ուղին. ապահով տանիք տեղահանված ընտանիքների համար
Ավելի քան 100,000 արցախահայեր ժամանեցին Հայաստան՝ բախվելով այնպիսի հրատապ խնդիրների, ինչպիսիք են բնակարան գտնելը, հիմնական առողջապահական խնամքի հասանելիությունը և իրենց տները կորցնելու հոգեբանական դժվարություններ հաղթահարելը:
H.O.P.E. նախագիծն ընդլայնեց ՔՈԱՖ-ի՝ ավելի վաղ իրագործած բնակարանային ծրագիրը՝ 100-ից ավելի արցախցիների համար կառուցված 13 տան կողքին վերակառուցելով ևս երկուսը։
ՍՄԱՐԹ կենտրոն. դեպի նոր սկիզբ
Վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՔՈԱՖ-ի H.O.P.E. ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների երեխաներն ընդգրկվեցին Դեբեդի ՍՄԱՐԹ կենտրոնում՝ միանալով ապահով և ոգեշնչող միջավայրում կազմակերպվող արտադպրոցական ծրագրերին։
Դրանց շրջանակում տեղահանված երիտասարդներին հնարավորություն է տրվել օգտվել նորարարական կրթական հնարավորություններից՝ ներառյալ վիրտուալ ֆիթնեսը, ագրոտեխնոլոգիան և արտ-թերապիան:
75 երեխա է ընդգրկվել ծրագրում, որոնց 30%-ը շարունակում է ուսումը ՍՄԱՐԹ կենտրոնի երկարաժամկետ ծրագրերով։
Ագրոտեխնոլոգիա ծրագրի շրջանակում մեր ծրագրավարները երեխաներին սովորեցրել են բույսեր աճեցնել՝ նրանց մեջ սերմանելով գործնական հմտություններ և ինքնուրույնության զգացում: «Երբ ես ինչ-որ բան տնկում եմ և տեսնում, թե ինչպես է այն աճում, ինձ թվում է, որ ես նույնպես կարող եմ աճել»,-կիսվել է 12-ամյա Լիլիթը:
Համակողմանի մոտեցում՝ ամոքման և հզորացման համար
ՔՈԱՖ-ի համապարփակ մոտեցման հիմքում համայնքներում դրական փոփոխություններ բերելու տեսլականն է։ Այս համատեքստում H.O.P.E. ծրագիրն ընդգրկում էր երեք կարևոր բաղադրիչ.
- Վաղ մանկան զարգացում. մտավոր և զգացական հենքի ձևավորում փոքրիկների համար և նրանց կենսունակության խթանում։
- Սոցիալական համախմբվածություն. կամրջելով տեղահանված ընտանիքներն ընդունող համայնքների հետ։
- Նորարարական կրթություն. գործիքների և հմտությունների տրամադրում երիտասարդներին ու ընտանիքներին ավելի բարեկեցիկ ապագայի համար։
Յուրաքանչյուր նախաձեռնություն ուղղված էր ոչ միայն անհապաղ աջակցություն ցուցաբերելուն, այլև երկարաժամկետ դիմակայունության և համայնքային զարգացման խթանմանը։
Երեխաների հզորացումն ու դրա ազդեցությունն ամբողջ ընտանիքի վրա
H.O.P.E. ծրագրի իրագործման ողջ ընթացքում ՔՈԱՖ-ի մանկան զարգացման ծրագիրը պատերազմի հետևանքով տուժած երեխաներին տրամադրել է կենսական նշանակության ծառայություններ, այդ թվում՝ վաղ մանկան զարգացման, լոգոպեդի և հոգեբանի աջակցություն։ Այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են երաժշտական կամ արտ-թերապիան, երեխաներին օգնել են ինքնաարտահայտվել և ավելի ինքնավստահ դառնալ։
5-ամյա Անահիտը Արցախից տեղափոխվելուց հետո շաբաթներ շարունակ չէր խոսում։ Արտ-թերապիայի ժամանակ նա ծաղիկներով շրջապատված մի տուն նկարեց և ասաց. «Ահա այստեղ եմ ես նորից ապրելու»։
- 53 երեխա մասնակցել է վաղ մանկան զարգացման ծրագրին
H.O.P.E. ծրագրի փոխակերպող ազդեցության մասին՝ օրինակներով
Ստորև ներկայացնում ենք H.O.P.E. ծրագրի շահառուների փոխակերպման պատմություններ՝ ՔՈԱՖ-ի հոգեբանների և սոցիալական աշխատողների սկզբնական գնահատականների ու գրանցած առաջընթացի հիման վրա։
Ծանուցում. լուսանկարներում պատկերված չեն ներկայացված շահառուները։
Դեպք 1 | Երեխան նոր կյանքին հարմարվելու, հաղորդակցվելու և մայրիկից առանձնանալու դժվարություններ ուներ։ Խմբային աշխատանքների շնորհիվ երեխան հաղթահարեց առանձնացման վախն ու ակտիվորեն սկսեց մասնակցել կազմակերպվող խաղերին ու վարժություններին՝ այդպիսով զարգացնելով իր հաղորդակցման և փոխգործակցության հմտությունները։
Դեպք 2 | Երեխան դժվարանում էր հարմարվել գյուղում, հրաժարվում էր ներգրավված լինել տարբեր իրավիճակներում և չէր վստահում դասընկերներին՝ պնդելով, որ նա «միայն ուզում էր ֆուտբոլ խաղալ Արցախում»։ Մայրն անհանգստանում էր երեխայի նյարդայնությունից, համառությունից, գլխացավերից և եղունգներ կրծելու սովորությունից։ ՔՈԱՖ-ի հետ աշխատելուց հետո երեխան սկսեց հարմարվել, նոր ընկերներ ձեռք բերել, վերսկսեց ֆուտբոլ խաղալ և զարգացրեց ինքնակառավարման հմտություններ։ Իսկ ծնողավարման դասերը մայրիկին օգնեցին հաղթահարել բոլոր մարտահրավերները։
Դեպք 3 | Շահառուն տագնապային խանգարում ուներ, մշտական անհանգստության զգացում՝ ռազմական հակամարտության հնարավոր վերսկսման, ինքնավստահության պակասի և սևեռուն վարքագծի պատճառով (անընդհատ ստուգում էր՝ արդյո՞ք դուռը կողպված է կամ արդուկն անջատված): ՔՈԱՖ-ի մասնագիտական թիմի աշխատանքի շնորհիվ նրա քունը բարելավվել է, անհանգստությունը նվազել, և նա սովորում է կառավարել կպչուն-սևեռուն մտքերը։
Միասնության խթանում սոցիալական համախմբվածության միջոցով
Մեկամյա տևողությամբ H.O.P.E․ ծրագրի շրջանակում ՔՈԱՖ-ը կազմակերպել է համախմբմանը միտված 17 միջոցառում, որոնց շնորհիվ տեղահանված ընտանիքներն ու հյուրընկալող համայնքները միավորվել են խմբային թերապիաների, ստեղծարար աշխատարանների (օր.՝ տիկնիկային թատրոն) և համատեղ նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են ծառատունկերն ու համայնքային շաբաթօրյակները։
- 1,714 երեխա է մասնակցել միջոցառումներին, ինչին անուղղակիորեն շահակցել են ավելի քան 7,000 ընտանիքի անդամներ։
Ծրագրի շահառուներից 16-ամյա մի աղջիկ պատմեց տեղացիների հետ ծառեր տնկելու փորձառության մասին՝ նշելով. «Թեև դա մի փոքր դառնաքաղցր զգացում էր, քանի որ մեր արմատները կտրվել էին, բայց նույն պահին թվում էր, թե մենք միասին նոր արմատներ ենք տնկում»։
Ոգեշնչող նախաձեռնություններ ու պատմություններ
Ամառային ճամբարներ | Մենք իրագործեցինք հնգօրյա երկու ամառային ճամբար՝ միտված տեղահանված ու տեղացի երեխաների սոցիալականացմանը։ Ավելի քան 100 երեխա մասնակցեց այս հետաքրքիր նախաձեռնություններին, որոնք ընգրկում էին հեքիաթաթերապիա, խաղեր ու խմբային զվարճալի նախաձեռնություններ «Այստեղ ես ձեռք բերեցի իմ առաջին ընկերոջը»,-ասում է 8-ամյա Արամն ու հավելում. «Հիմա ես ավելի քիչ եմ անհանգստանում դպրոց գնալու համար»:
Ինչպես ՔՈԱՖ թիմի, այնպես էլ մասնակիցների կարծիքով՝ H.O.P.E․ ծրագրի ամառային ճամբարները սոցիալական համախմբվածության և ինտեգրման միջոցառումների ամենահաջողված նախաձեռնություններից էին:
Լոգոպեդի աջակցություն | Թվով 65 երեխա մասնակցել է անհատական կամ խմբային թերապիաների։ Դրանց շնորհիվ երեխաներին հաջողվել է հաղթահարել տրավմայի արդյունքում ձևավորված հաղորդակցության դժվարությունները։ Այդպիսի երեխաներից մեկը՝ երեքամյա Անգելինան, Արցախից տեղահանվելուց հետո դժվարանում էր հաղորդակցվել, հաճախ էր նյարդայնանում ու քաշում իր մազերը, քանի որ չէր կարողանում արտահայտել իր մտքերը։
Տեղահանմանը հաջորդած քաոսային իրավիճակում կապը կորել էր Անգելինայի ընտանիքի հետ, սակայն ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողը գտավ նրանց նոր բնակության վայրում՝ Հայաստանում՝ Անգելինային ուղղորդելով լոգոպեդի ծառայություն ստանալու: Այսպիսով, աղջիկը նկատելի առաջընթաց գրանցեց, և այժմ նա կարողանում է արտահայտել սեփական զգացմունքներն ու կարիքները՝ էականորեն բարելավելով իր և իր ընտանիքի կյանքի որակը:
Խոչընդոտների հաղթահարման ուղին
Ծրագիրը, անշուշտ, մեծ հաջողություններ է գրանցել, բայց դրա իրագործման ճանապարհին նաև դժվարություններ են հանդիպել։ Շատ ընտանիքներ ստիպված էին բազմիցս տեղափոխվել, մինչև վերջնական բնակության վայր գտնելը, ինչը երբեմն դժվարացնում էր նրանց՝ ծրագրի հետագա մասնակցությունը։ Այնուամենայնիվ, ՔՈԱՖ-ը գտավ լուծումը՝ ձևավորելով մոբիլ թիմեր, որոնք H.O.P.E. ծրագրի ծառայությունները հասանելի էին դարձնում համապատասխան համայնքներում՝ ապահովելով, որ կենսական նշանակության աջակցություն տրամադրվի նույնիսկ այն մարդկանց, ովքեր կտրված էին գլխավոր ճանապարհներից և մեծ քաղաքներից։
Ոգևորիչ արդյունքների մասին
Շահառուների կարիքներին արձագանքելու մեր հանձնառությունը տվեց սպասված արդյունքը։
- Շահառուների 91.2%-ը «շատ բավարարված» կամ «բավարարված» են տրամադրված ծառայություններից։
- 97%-ը անձակազմին գնահատել է որպես պրոֆեսիոնալ։
- 97.5%-ը «միանշանակ խորհուրդ կտան» օգտվել ՔՈԱՖ-ի ծրագրերից։
Ընդլայնելով H.O.P.E.-ի ազդեցությունը ՔՈԱՖ-ի ծրագրերի միջոցով
Այսօր ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնները (ԵԸԿ) և Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնը շարունակում են H.O.P.E. ծրագրի առաքելությունը նաև դրա ավարտից հետո։ Այս հոդվածը գրելիս շահառուների 13,6%-ը շարունակում է ստանալ հոգեբանական աջակցություն, իսկ 24.5%-ն այցելում է վաղ մանկան զարգացման անկյուն, որտեղ, ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև լոգոպեդի ծառայություններ, իսկ 33%-ը շարունակում է իր ոչ ֆորմալ կրթությունը ՍՄԱՐԹ կրթակարգում։ Այս ծառայություններն ու ծրագրերը կայուն հիմք են ապահովում շարունակական աջակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով H.O.P.E. ծրագրի իրականացման ընթացքում ձևավորած տոկունությունը:
H.O.P.E. նախագիծը հնարավոր չէր լինի առանց մեր գաղափարակից գործընկերների աջակցության՝ Աֆեյան ընտանեկան հիմնադրամ, «Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ, HSBC բանկ, Հայաստանում Եվրոպական միություն, Պամելա Ավետիսյան, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամ, «Սուրբ Սարգիս» բարեգործական հիմնադրամ, Դոկտոր Հայկ և տիկին Հիլդա Մանջիկյաններ, «Թիանադերա» հիմնադրամ և Հայ ընտանիքի օգնության ծառայություն (AFSS), ինչպես նաև անհատական անհավանականորեն առատաձեռն մի շարք այլ նվիրատուներ:
H.O.P.E. նախագիծը Արցախից տեղահանված երեխաների և ընտանիքների համար ապահովեց բարեկեցության հիմնական բաղադրիչները՝ կացարան, հոգեբանականաջակցություն և սոցիալական կայունություն, որի արդյունքում նրանք կկարողանային հաղթահարել գոյատևման մարտահրավերներն ու սկսել զարգացման ուղի: Այս առաքելությունն արտացոլում էր ՔՈԱՖ-ի աշխատանքի էությունը՝ հնարավորություն տալ անապահով համայնքներին դառնալ կայուն, ինքնաբավ և կարողանալ ձգտել ավելի պայծառ ապագայի:
Ինչպե՞ս կարող եք ներգրավված լինել
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 200 աշխատակցից բաղկացած հզոր թիմ է, որը Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի է կոչում ծրագրեր առողջապահության, կրթության, սոցիալ-հոգեբանական աջակցության և տնտեսական զարգացման ոլորտներում։ Մեր բոլոր նախաձեռնությունները հնարավոր են դառնում այն մարդկանց առատաձեռնության շնորհիվ, որոնք ցանկանում են աջակցել Հայաստանի գյուղաբնակ երեխաներին ու նրանց ընտանիքներին բացահայտել իրենց ներուժը։
Իմացեք ավելին ՔՈԱՖ-ի ծրագրերի մասին և կատարեք նվիրատվություն այսօր։