ՍՄԱՐԹ-ի ծրագրավորման ծրագրին ներգրավելու ժամանակ Դեբեդից 13-ամյա Էրիկ Մատինյանի մտքով անգամ չէր անցել, որ մի օր ՍՄԱՐԹ-ի կրթության կառավարման առցանց հարթակի (smartcitizen.am) ծրագրավորման թիմում կլինի։
«Ինչ-որ պահի ծրագրավորման հետ կապված դժվարություններ ունեի, որոշ բաներ շատ բարդ էին թվում, ու հետաքրքրությունս գնալով պակասեց»,- հիշում է Էրիկն ու հավելում, որ հերթական արձակուրդին ինքնուրույն սկսեց գլուխ հանել իրեն բարդ տրվող կոդերից ու այլևս չմտափոխվեց ծրագրավորող դառնալ։
Այդ առումով, ըստ Էրիկի, ՍՄԱՐԹ-ը այն միջավայրն է, որ հնարավորություն է տալիս իր նման գյուղաբնակ երիտասարդներին ստուգելու՝ որքանով է «իրենց հագով» ընտրված մասնագիտությունը և լավ առիթ՝ փորձարկելու ուրիշ մասնագիտություններ ևս։ Հիմա Էրիկը նաև Վանաձորի պետական համալսարանի կառավարման բաժնի հեռակա ուսանող է։
«ՍՄԱՐԹ-ում հասկացա, որ կառավարման հմտությունները կօգնեն ինձ տեխնոլոգիական ընկերություն ստեղծելու ու այն ճիշտ կառավարելու հարցում»,- բացատրում է նա։
ՍՄԱՐԹ-ում աշխատանքին զուգահեռ շաբաթը երկու անգամ Էրիկը «ծրագրային ընդմիջում» է ունենում երկու ժամով։ Նրա վերջին՝ ութերորդ ծրագիրը, երաժշտական գործիքներն է։ Հունվարին Էրիկը բանակ է զորակոչվելու։
Կոդերի տիրակալը։
Ծրագրավորման թիմն ու ՍՄԱՐԹ-ի ղեկավար Մետաքսյան, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր աշխատում են smartcitizen.am հարթակի գործարկման վրա։
Էրիկն ասում է, որ ՍՄԱՐԹ-ում աշխատելը մեծ պատասխանատվության հետ մեկտեղ լավ հնարավորություն է գործնականում փորձարկելու և նոր բաներ սովորելու համար։
Կրթական նոր հարթակի գործարկումից առաջ վերջին շտկումներն են արվում։
Երբ Էրիկն աշխատում է, նրան չի կարող շեղել անգամ ՍՄԱՐԹ-ի պիկ ժամերի եռուզեռը։
Էրիկի ՍՄԱՐԹ ճամփորդության վերջին կանգառը երաժշտական գործիքների ծրագրին է։ ՍՄԱՐԹացիների մեծ մասը երաժշտական գործիքներին ծանոթանում ու նվագել է սովորում հենց այս ծրագրի շրջանակներում։
Ութ տարի է, ինչ Դեբեդից ՍՄԱՐԹ ճանափարհը նա «ջրի ճամփա» է դարձրել։
Հեղինակ՝ Քնար Բաբայան