Էլեոնորա ու Մարիա քույրերի «ՍՄԱՐԹ տուրը» սկսվեց վեց տարի առաջ, և այս տարիների ընթացքում աղջիկներից յուրաքանչյուրը հասցրել է իննից ավել ծրագիր ավարտել, տարբեր աշխատարանների ու ամառային ծրագրերի մասնակցել, տասնյակ նախագծերում ներգրավվել ու սեփական ստեղծագործությամբ մրցույթում հաղթող ճանաչվել։
Աղջիկները մինչև ՍՄԱՐԹ գալն էլ արվեստով էին զբաղվում, բայց Մարիայի՝ նոր գործիք նվագելու երազանքն իրականացավ հենց ՍՄԱՐԹ-ում։
«Այսօրվա պես հիշում եմ, երբ երաժշտական գործիքներ ծրագրի ժամանակ առաջին անգամ ձեռքս առա կիթառն ու առաջին նոտաները փորձեցի նվագել, կողքիս նստած ընկերներիցս մեկին ասացի՝ երազանքս կատարվեց»,- հիշում է Մարիան, ով մինչ այդ միայն ջութակ ու դաշնամուր էր նվագում։
Քույրերը խոստովանում են, որ ՍՄԱՐԹ-ի շնորհիվ իրենք շատ ընկերներ (այդ թվում նաև ծրագրավարները) ու հմտություններ են ձեռք բերել, համաձարկություն՝ փորձելու նորը և ավելի մեծ երազելու։
Էլեոնորան ու Մարիան «Հայկականի արդիականացումը» մրցույթի ժամանակ։
Մարիան Գևորգ Մուրադի աշխատարանի ժամանակ նկարչության նոր տեխնիկա է ուսումնասիրում։
ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագրի շրջանակում ՈՄԱ-ի (ողջ մնալու արվեստ) կազմակերպած դասընթացի ժամանակ պարզվեց, որ Էլեոնորան շատ հմտորեն է նշանակետին խփում։
Մարիային ՍՄԱՐԹ-ի կրթակարգն ամբողջությամբ ավարտելուն չորս ծրագիր է պակասում։
Ընտանեկան դուետ։ Երաժշտությունը քույրերի համար մնում է միայն հոբբի։ Էլեոնորան ապագա բժիշկ է, իսկ Մարիան՝ ճարտարապետ։
Էլեոնորան վստահ է, որ ՍՄԱՐԹ-ում ձեռք բերված հմտությունները, որոնք անգամ անմիջական կապ չունեն իր ապագա մասնագիտության հետ, ամեն դեպքում կյանքում մի օր պետք կգան։
Մարիան իր կյանքը չի պատկերացնում առանց արվեստի, չնայած ՍՄԱՐԹ-ի ամեն ծրագիր իր համար ինքնաբացահայտման լավ առիթ է համարում։
Մարիան իր ստեղծագործությունն է ներկայացնում ՔՈԱՖ-ի և Ֆաթալ հիմադրամի կողմից կազմակերպված «Հայկականի արդիականացում» մրցույթում։
Աղջիկների մեծ երազանքներից մեկը արտասահմանում կրթություն ստանալն է։ Նրանք հավատում են, որ առիթ կունենան իրենց գիտելիքն ու փորձը Հայաստանում իրացնելու։
Հեղինակ՝ Քնար Բաբայան