Օձունից Պետրոսյան քույրերի ընտանիքում արդեն կատակում են, որ ՍՄԱՐԹ-ի ոչ մի ծրագիր «անհետևանք չի անցնում»։
Այսպես 12-ամյա Վերգինեն ագրոտեխնոլոգիայի ծրագրից ոգևորված իրենց բակում ազնվամորու փոքրիկ այգի է հիմնել, իսկ 17-ամյա Նարեն տարվել է չինական մշակույթով ու մոռացել պատառաքաղի մասին՝ նախընտրելով չինական փայտիկները։
Քույրերը ՍՄԱՐԹ-ի ծրագրերի մարաթոնի ռեկորդակիր են։ Այս պահին երկուսն էլ իրենց 10-րդ ծրագիրն են անցնում։ Նարեի համար դա վերջինն է, իսկ Վերգինեն մտադիր է բոլոր 15-ն էլ ավարտել։
«ՍՄԱՐԹ-ը, նախ և առաջ, հնարավորությունների, կարողություններդ բացահայտելու և տարբեր համայնքներից նոր ընկերներ ձեռք բերելու տեղ է»,- ասում է Նարեն։
Քույրերը նաև ՔՈԱՖ-ի ու «Վահէ և Լյուսի» հիմնադրամի կազմակերպած «Հայկականի արդիականացում» արվեստի մրցույթի հաղթողներից են։
Անհնար է ապրել արվեստագետների ընտանիքում ու գոնե «մի քիչ չնկարել»։ Վերգինեի բոլոր ծրագրավարներն ունեն նրա արած դիմանկարները, իսկ Նարեն հաջողացրել է տան եղած բոլոր վինիլային սկավառակները նկարազարդել։
Լավ հիշեք Նարեին, նա ամենայն պատասխանատվությամբ խոստանում է Նոբելյան մրցանակ ստանալ ֆիզիոլոգիայի ոլորտում։ Ինչպես տեսնում եք, նա արդեն անցել է գործի։
Վերգինեն բոլոր անհասկանալի իրավիճակներում նախընտրում է նկարել։
Պետրոսյանների տանը դժվար է գտնել մի անկյուն, որին աղջիկների վրձինը կպած չլինի։
Քույերը սիրում են միասին ժամանակ անցկացնել, ռուբիկ-կուբիկի նոր բանաձև սովորել կամ պարզապես զրուցել դեսից-դենից։
Մարքեթինգը Նարեի վերջին ծրագիրն է։
Եվս հինգ ծրագիր և Վերգինեն կդառնա այն եզակի ՍՄԱՐԹ քաղաքացիներից, ում հաջողվել է ավարտել կրթակարգի բոլոր 15 ծրագրերը։
Մարքեթինգի խմբային աշխատանքները միշտ աշխույժ են անցնում։
VR ֆիթնեսի ժամանակ և ՍՄԱՐԹ-ում առհասարակ Վերգինեն փորձում է «գլխից բարձր թռնել»։
Հեղինակ՝ Քնար Բաբայան