COAF Fest 2023

ՔՈԱՖ փառատոն. Լոռու թաքնված ներուժը

Պատկերացրու քեզ՝ շրջապատված Լոռու չքնաղ լեռներով, որտեղ ցնցող բնապատկերն ու վառ մշակութային կյանքն ապրում են կողք-կողքի… Այ հենց այդպիսին էր արվեստի, արհեստի ու երաժշտության ՔՈԱՖ փառատոնը, որն իր շուրջ համախմբեց 5,000 այցելուի՝ տարածաշրջանը դարձնելով անմոռանալի տպավորությունների պարտադիր ուղղություն։

Բացահայտելով լոռեցիների տաղանդները

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած ՔՈԱՖ փառատոնը հենց Լոռու մասին էր: Միջոցառման շրջանակում 30 արհեստագործներ հնարավորություն ունեցան ցուցադրել սեփական արտադրանքը լայն լսարանի։ Այդ օրը մեր հյուրերին առաջարկվեց նրբաճաշակ ձեռագործ աշխատանքների և տեղական համեղ մթերքների լայն տեսականի, ինչը հնարավորություն տվեց իրապես խորասուզվել Լոռու մշակույթի մեջ:

Արվեստ, որը դիպչում է սրտիդ

Փառատոնի կարևորագույն իրադարձություններից էր Արդեանի գեղարվեստական ինստալյացիայի բացումը, որը մշտապես ներկայացված կլինի Լոռու ՍՄԱՐԹ ավանում՝ լրացուցիչ հմայք հաղորդելով դրան: Այս բացօթյա ինստալյացիան բաղկացած է 12 արվեստի գործից, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչված է այնպիսի վանքերի մոտիվներով, ինչպիսիք են Ախթալան, Սանահինը, Հաղպատը, Հնեվանքը, Օձունը, Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանքը և Քոբայրը: Երկկողմանի արվեստի գործերն առանձնահատուկ հմայք են հաղորդում տեղանքին՝ յուրօրինակ կերպով ծանոթացնելով Լոռու ավանդույթներին ու պատմությանը: Իսկ մութն ընկնելուն պես լուսավորվում են այնպես, որ դրանց կողքով անտարբեր անցնել ոչ մի դեպքում չի ստացվի։

Երաժշտական բացառիկ հնչյուններ

ՔՈԱՖ փառատոնը միայն արվեստի ու արհեստի մասին չէր, էլ ի՞նչ միջոցառում առանց երաժշտության։ Մեր փառատոնային ամբողջ օրվա ընթացքում կենդանի կատարումներով հանդես եկան Հայաթ Փրոջեքթը, Լավ Էլին, Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Բամբիրը և DJ Ալեն Հերցը։

Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը

ՔՈԱՖ փառատոնը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ իրագործվող «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի մի մասն էր միայն։ Մեկնարկելով 2021 թվականին՝ այն հասցրել է ուշագրավ արդյունքներ գրանցել։

  • «Սթարմուս» միջազգային փառատոնի անցկացում Լոռու Դեբետ գյուղում։
  • Տարածաշրջանում 16 նոր արշավային և հեծանվային երթուղիների մշակում։
  • Մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացում տեղի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար
  • Լոռու Մ6 մայրուղու վրա Այցելուների կենտրոնի և «Կանյոն» սրճարանի ստեղծում, որը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս ստանալ զբոսաշրջային տեղեկություններ, օգտվել ճանապարհային սրճարանից, ավտոկայանատեղիից, զբոսաշրջային սարքավորումների խանութից, գերարագ ինտերնետից, բանկոմատից և այլն:

ՔՈԱՖ Կոնցեպտի՝ Հայաստանի խոշորագույն սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացում

Նույն օրը ՍՄԱՐԹ ավանում տեղի ունեցավ նաև ՔՈԱՖ Կոնցեպտի հանդիսավոր բացման արարողությունը: Այն ներառում է բուտիկ հյուրանոց, համագումարների ընդարձակ կենտրոն և ժամանակակից ռեստորան, որոնք բոլորը միտված են Լոռու տնտեսական և զբոսաշրջային աճին:

Կոնցեպտը շարունակաբար հզորացնում է Լոռու բնակիչներին՝ նրանց առաջարկելով վերապատրաստման հնարավորություններ ու նոր աշխատատեղեր։ Եվ, որ ամենահրաշալին է, ողջ շահույթը վերաներդրվում է ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերում՝ տարածաշրջանի երեխաներին ապահովելով որակյալ կրթության հնարավորություններով:

Դե ուրեմն արի՛ Լոռի ու պատրաստվիր գրկաբաց ընդունելության և անմոռանալի տպավորությունների:

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org