2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության դեմ՝ թիրախավորելով կարևոր նշանակության ենթակառուցվածքներ և սպանելով երեխաների, կանանց ու ծերերի։ Այս հարձակումը Լաչինի միջանցքի՝ արտաքին աշխարհին կապող Արցախի միակ ճանապարհի, տասնամսյա շրջափակման արդյունքում ստեղծված ծանր իրավիճակի գագաթնակետն էր։ Առաջին անհրաժեշտության ապրանքների (սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլ կենսական նշանակության իրեր) սահմանափակ հասանելիության այս երկար ժամանակահատվածն Արցախի խոցելի բնակչությանը հասցրեց հումանիտար աղետի: Վերջին ռազմական հարձակումների արդյունքում Արցախում արդեն իսկ զոհվել է ավելի քան 200, վիրավորվել 400 մարդ, ավելի քան 10,000 մարդ տեղահանվել է, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր:
Մարդիկ մնացել են առանց կացարանի, սննդի և ապրուստի այլ միջոցների։ Հազարավոր ընտանիքներ մասնատվել են։ Առողջապահական համակարգը գտնվում է ծանր վիճակում. հիվանդանոցները զրկված են էլեկտրականությունից և ունեն դեղերի սուր պակաս:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) լրջորեն մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով և անմեղ հայ երեխաների, կանանց ու ընտանիքների վրա դրա ունեցած հետևանքներով: Որպես երեխաների բարեկեցության և զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպություն՝ մենք չափազանց մտահոգված ենք տեսնելով այն տառապանքները, որոնք հակամարտության ծայրահեղ սրման պատճառով կրում են երեխաներն ու նրանց ընտանիքները:
Ներկա իրավիճակում երեխաներն առավել խոցելի են։ Նրանք մեր ապագայի հիմքն են, և նրանց ու իրենց ընտանիքների պաշտպանությունը պատերազմի ու բռնության աղետներից յուրաքանչյուր անհատի, համայնքի և ազգի բարոյական պարտքն է:
ՔՈԱՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին պարտադրել Ադրբեջանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համապատասխան:
Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը մոբիլիզացնել հրատապ մարդասիրական օգնություն՝ տուժած երեխաներին և ընտանիքներին աջակցելու նպատակով: Կենսական ապրանքներն ու ծառայությունները՝ ներառյալ առողջապահությունը, սնունդը, կացարանը և հոգեբանական ու սոցիալական աջակցությունը պետք է հասանելի լինեն նրանց դժվարություններն անհապաղ մեղմելու համար:
ՔՈԱՖ-ն իր զորակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և այժմ պայքարում են այս հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների դեմ: ՔՈԱՖ-ը կհամակարգի իր գործողությունները ՀՀ կառավարության, հայկական սփյուռքի և տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ներդնելու ռեսուրսներն այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Լուսանկարները՝ Մարութ Վանյանի