2022 թվականը հագեցած ու բուռն տարի էր ՔՈԱՖ-ի համար՝ լի նոր նախաձեռնություններով, հիմնարկեքներով ու համագործակցություններով։ Հետհայացք նետելով՝ ներկայացնենք Հայաստանի գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կատարած ամենախոշոր ներդրումները, որոնք շարունակվել կամ մեկնարկել են այս անցնող տարում։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն | գյուղ Մյասնիկյան (Արմավիր)
2022-ը նշանավորվեց ՔՈԱՖ-ի 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման նախագծով։ Որպես հաջորդ մարզ ընտրվեց Արմավիրը՝ հաշվի առնելով, որ ՔՈԱՖ-ի գյուղական զարգացման նախաձեռնությունները սկիզբ են առել հենց այս մարզից դեռևս 2004-ին։
Մարտ ամսին կենտրոնի կառուցման համար հայտարարեցինք միջազգային ճարտարապետական մրցույթ՝ ձգտելով գտնել ամենանորարար, կրթական պահանջներին հարմարեցված ու մարզի կոլորիտն ընդգծող նախագիծը։ Մեծ հաճույք էր դիտարկելը աշխարհի 23 երկրներից ստացված 74 ճարտարապետական նախագծերն ու տեսնելը, թե ճարտարապետների ստեղծագործ մտքի թռիչքն ուր է հասել ու ինչպես է պատկերացրել Արմավիրի ապագա «զարդը»՝ տեղակայված Մյասնիկյան գյուղում՝ Արարատ ու Արագած լեռների միջև։
Լոնդոնաբնակ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գլխավորած ժյուրին արդյունքում առանձնացրեց 9 ընտրված նախագծեր, որոնցից 5-ն արժանացան ժյուրիի բարձր գնահատականին։ Արդյունքում, ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման համար ընտրվեց իսպանացի ճարտարապետ, դիզայներ, Estudio Arquitectura Campo Baeza ճարտարապետական ստուդիոյի հիմնադիր Ալբերտո Կամպո Բաեզայի «Նայելով Արարատ լեռանը» նախագիծը, որում լավագույնս էին համադրված մրցույթի հիմքում դրված պահանջները։
2022-ի սեպտեմբերին ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենն ու ճարտարապետ Ալբերտո Բաեզան անձամբ եկան Հայաստան՝ քննարկելու կենտրոնի կառուցման առանձնահատկությունները։ Տրվեց տարածքի հարթեցման ու նախապատրաստման աշխատանքների մեկնարկը, որին և կհաջորդի կենտրոնի կառուցումը։ ՍՄԱՐԹ Արմավիրը, որպես համապարփակ համալիր, իրականություն կդառնա 2024թ․-ին ու կծառայի մարզի 1000-ավոր երեխաների զարգացմանը՝ իր հետ բերելով տնտեսական ակտիվության այն ալիքը, որը ՍՄԱՐԹ-ն իր հետ բերեց Դեբետ՝ ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի հայրենիք։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համաժողովների կենտրոն | գյուղ Դեբետ (Լոռի)
Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը շարունակ կատարելագործվում է․ ավանի ենթակառուցվածքներին (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, Կոնցեպտ հյուրանոց) ավելացել է ևս մեկը` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համաժողովների կենտրոնը, որն իր դռները կբացի ներգնա ու արտագնա զբոսաշրջիկների առաջ՝ սկսած 2023-ից։
Համաժողովների կենտրոնը կունենա համագումարների 3 սենյակ՝ 100 հոգու համար նապատեսված 2 սրահ և մոտ 40 հոգու համար նախատեսված 1 հանդիպումների սենյակ, ճաշասրաh, հանգստի սենյակ, ինչպես նաև 20 հյուրանոցային համարներ։ Եթե մինչ այս ճանապարհը Դեբետ էր տանում հիմնականում հանգստի ու էկոզբոսաշրջության սիրահարներին, կենտրոնի հիմնումով գյուղը կդառնա նաև բիզնես հանդիպումների, սեմինարների, համաժողովների ու միջոցառումների անցկացման սիրելի վայր։
Դսեղի առողջության կենտրոն | գյուղ Դսեղ (Լոռի)
2023թ․-ի ապրիլից սկսած՝ Լոռու մարզի 16 համայնքների բնակիչները հասանելիություն կունենան որակյալ առողջապահական ծառայությունների Դսեղում գտնվող առողջության կենտրոնում։
Երկու մասնաշենքից՝ ամբուլատորիայից ու ատամնաբուժական կենտրոնից բաղկացած կենտրոնը կսպասարկի ավելի քան 10․000 բնակչի, այդ թվում՝ 2000 երեխաների, ու կդառնա նոր աշխատատեղ ավելի քան 20 բուժաշխատողի համար: Դսեղի առողջության կենտրոնի հիմնումը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է տարիներ շարունակ անհասանելի եղած, բայց մեծ պահանջարկ ունեցող ծառայությունները մոտ ու հասանելի դարձնել գյուղաբնակ մարդկանց։
Մանկան զարգացման անկյուն | գյուղ Քարակերտ (Արմավիր)
Մանկությունը խաղաղ ու երջանիկ շրջան է ՔՈԱՖ-ի Մանկան զարգացման կենտրոններում։ Ինչո՞ւ։ Այստեղ կա ամեն ինչ երեխայի զարգացման, ինքնարտահայտման ու խաղային հնարավորինս ապահով միջավայր տրամադրելու համար։
ՔՈԱՖ-ի Մանկան զարգացման անկյունները մեկ տանիքի տակ են միավորում 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված խաղասենյակները, երեխայի զարգացման ծրագրերը, հոգեբանական և լոգոպեդական ծառայությունները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի ծառայությունները կենտրոնի շահառու համայնքների բոլոր բնակիչների համար։ Կենտրոնի մասնագետները ցանկացած խնդրի ցուցաբերում են անհատական մոտեցում ու հարկ եղած դեպքում խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ տանում երեխայի, ընտանիքի և համայնքի հետ միաժամանակ։
ՔՈԱՖ-ի առաջին նման կենտրոնը բացվել է Արմավիրի Հացիկ գյուղում, շուտով կբացվի Քարակերտ գյուղում, ապա Ստեփանակերտում։ Այսպիսով, գյուղաբնակ երեխաների կյանքում ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերի ազդեցությունը կսկսվի Մանկան զարգացման անկյունով, կշարունակվի ՍՄԱՐԹ կենտրոնով դեպի համալսարանական կյանք ու կարիերայի առաջին քայլեր։
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն | գյուղ Դեբետ (Լոռի)
Զբոսաշրջիկնե՛ր, շտապեք Լոռին ընդգրկել ձեր առաջիկա ճամփորդությունների ցանկում, քանի որ մարզը լիովին պատրաստ է ձեզ պարգևելու ամենահարմարավետ, բազմազան ու հագեցած հանգիստը։
Լոռու մարզի Վահագնի գյուղում՝ դեպի ՍՄԱՐԹ կենտրոն տանող M6 մայրուղու վրա է գտնվում ՔՈԱՖ-ի Այցելուների կենտրոնը, որի վերակառուցմամբ ու ընդարձակմամբ հասանելի են դառնում մի շարք զբոսաշրջային ծառայություններ․
- բացօթյա ու փակօթյա սրճարան,
- զբոսաշրջիկների համար նախատեսված պահատուփեր,
- զբոսաշրջային տեղեկատվության տրամադրման և պարագաների վարձակալության անկյուն,
- էլեկտրամոբիլի լցակայան,
- հեծանիվների կայանատեղի,
- հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված սանհանգույցներ,
- մոր և մանկան խնամքի սենյակ:
Եթե կիսում եք այն կարծիքը, որ Հայաստանի գյուղական համայնքներում փոփոխություն հենց այսկերպ է պետք բերել, դուք էլ միացեք մեր առաքելությանն ու հավատացած եղեք՝ անկախ չափից՝ ամեն ներդրում չափազանց մեծ ազդեցություն է ունենում մեկ, մեկ տասնյակ կամ մի քանի հարյուր մարզաբնակ երեխայի ու ընտանիքի կյանքում։