2021թ․ հունվարից ՀՀ-ում ուժի մեջ մտավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացակարգը, որի արդյունքում, կախված ցուցանիշից, ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50%-ով։ Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ-ի՝ այս տարի կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել հանրապետության շուրջ 4000 ուսուցիչ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ այս ուսուցիչների թվում ատեստավորումը հաջողությամբ անցածներից 7-ը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում ներգրավված ուսուցիչներ են։ Շնորհիվ ատեստավորման՝ «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագրից մարզաբնակ 4 և «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծում ներգրավված 3 ուսուցիչներ որակավորման աճ ու աշխատավարձի բարձրացում ունեն։ Այս ամենը հնարավոր է դարձել սեփական ջանքերի, մշտապես մասնագիտական զարգացմանը նպաստող միջավայրում գտնվելու և ծրագրերի շրջանակներում նրանց ձեռք բերած հմտությունների շնորհիվ։
Ատեստավորումն անցած ուսուցիչներից մեկը Լիանա Կարապետյանն է՝ անգլերենի ուսուցիչ Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցում։ Լիանան 2022-ի մարտից ակտիվորեն մասնակցել է ՔՈԱՖ-ի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ իրականացվող «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագրին ու որոշել փորձել իր ուժերը կամավոր ատեստավորման մեջ։ Ի դեպ, իր դպրոցում նա ատեստավորմանը դիմած ու վերջինս անցած ուսուցիչների 10%-ի մեջ է։
«ՔՈԱՖ-ի դասընթացները բավականին օգնեցին ինձ այս արդյունքը գրանցելու հարցում․ մարտից անգլախոս միջավայրում ենք, որի պակասը շատ ենք զգացել նախկինում։ Ծրագրի շրջանակներում քննարկումները, վերլուծությունները, դասավանդման նոր մեթոդներին ծանոթությունն ու փորձի փոխանակումը հենց այն էր, ինչը պետք էր ատեստավորումը հաջողությամբ անցնելու համար»,- նշում է Լիանա Կարապետյանը։
Ծրագրում ներգրավված մեկ այլ ուսուցիչ է Լոռու Եղեգնուտ գյուղից Աննա Ալիխանյանը, ով մոտ 15 տարվա մանկավարժ է։ Կարծում է՝ եթե չլինեին դասընթացները, դժվար թե վստահություն ու ցանկություն ունենար հենց այս տարի մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ «Լեզվական միջավայրը շատ է օգնել ատեստավորման հարցում․ լրացուցիչ աշխատանքի կարիք չկար, ամեն ինչ գիտեինք»,- ասում է Աննա Ալիխանյանը։
Դեբետում «ՍՄԱՐԹ գյուղ» նախագծի մեկնարկից ի վեր ՔՈԱՖ-ի թիմը սերտ համագործակցում է գյուղի դպրոցական անձնակազմի հետ։ Նոր դպրոցի կառուցմանը զուգահեռ ներդրվում են կրթական նոր մեթոդներ, և գործող ակադեմիական կազմը վերապատրաստվում է՝ ծանոթանալով աշխարհում արդի դասավանդման ընթացակարգերին։ Բազմաբնույթ վերապատրաստումները ուսուցիչներին դարձնում են ավելի ինքնավստահ, բանիմաց ու նրանց մեջ ավելի արթնացնում շարունակ նորը սովորելու ու վերջինս դասարան բերելու ցանկությունը։
Ստացված մոտիվացիան հաջողության բանալի դարձավ նաև Դեբետի դպրոցում ինֆորմատիկայի ուսուցիչ Արփինե Քարհանյանի համար, ով հանրակրթական հաստատությունների ուսուցիչներին խորհուրդ է տալիս չերկմտել կամավոր ատեստավորվելու հարցում։ «Անկախ նրանից, թե որ դպրոցում են աշխատում՝ իմ գործընկերներին խորհուրդ կտամ աշխատել իրենց վրա և մասնակցել ատեստավորմանը, քանի որ վերջինս միանշանակ հաղթահարելի է»,- հաստատում է նա։
*****
«Մեկ երեխա, մեկ ուսուցիչ, մեկ գիրք, մեկ գրիչ կարող են փոխել աշխարհը»: (Մալալա Յուսաֆզայ)
Լավ ուսուցչի դերը հասարակության մեջ անգնահատելի է։ Սահմանափակ ռեսուրսների ու միջավայրի պատճառով մարզաբնակ շատ ուսուցիչներ հաճախ տարիներ շարունակ զրկված են լինում մասնագիտական աճի հնարավորություններից։ Ուսուցիչների առջև զարգացման նոր հորիզոններ բացելով՝ ազդեցություն ենք ունենում մի ամբողջ սերնդի վրա։