Ձայնային ձևավորման ապագա մասնագետները ՍՄԱՐԹ-ից

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, որ երեխաներին արդի կրթության ու բազմակողմանի զարգացման հնարավորություն է տալիս։ Կենտրոն մուտք գործելով՝ 6-18 տարեկան յուրաքանչյուր ուսանող կարող է հերթականությամբ ընտրել «ՍՄԱՐԹ քաղաքացիություն» կրթակարգում ներառված 18 ծրագրերից, որոնք հետևյալ ոլորտներից են՝  ձեռներեցություն, ճարտարագիտություն, արվեստ, երաժշտություն, օտար լեզուներ և աթլետիկա։

Ոլորտների այս բազմազանությունը հազարավոր ուսանողների համար իրենց մեջ թաքնված ներուժի, նոր մասնագիտությունների, բնագավառների ու հնարավորությունների բացահայտման ուղի է։

Ձայնային ձևավորումը կենտրոնի երաժշտական ծրագրերից մեկն է (Երաժշտական գործիքներ և Վոկալ ծրագրերի հետ միասին), որին մասնակցելով՝ ուսանողները ծանոթանում են երաժշտության ստեղծման տեխնիկային և տեսարաններին ռիթմ հաղորդելու ու հուզական արձագանքներ ձևավորելու գործում երաժշտության դերին:

Ուսանողները սովորում են ձայնային ձևավորման հիմունքները ձայնային մշակման ստեղծագործական տեխնիկայի միջոցով և ուսումնասիրում աշխարհահռչակ բենդերի ու ֆիլմերի երաժշտական լուծումները՝ արդյունքում բարելավելով նաև իրենց երաժշտական ճաշակը։

Ֆիլմերը հնարավորինս իրական դարձնելու բանալին թաքնված է ձայնային ձևավորման մեջ։ Վերջինս ֆիլմի ստեղծման կարևորագույն մասն է․ յուրաքանչյուր կադրին հաղորդում է հույզեր ու հնարավորինս մոտեցնում իրականությանը: Պատահական չէ, որ ծրագրի ընթացքի մեծ մասը նվիրվում է ֆիլմերի ու մուլտֆիլմերի հետ աշխատանքին։ Օգտագործելով GarageBandLogicPro և iMovie գործիքները՝ ուսանողները վերամշակում են ֆիլմերի գործող ձայները ու հաճախ ձայնագրում իրենց հայալեզու տարբերակները։

Ծրագրի ընթացքում ուսանողների ամենասիրելի զբաղմունքը էքսպերիմենտներ անելն է՝ կենտրոնից դուրս գալ ու որսալ մարդկանց գործողությունների ու բնության մեջ հանդիպող տարբեր ձայներ։ «Ամենազվարճալին մի բան ձայնագրելն ու դրանից բոլորովին այլ ձայն ստանալն է: Օրինակ՝ մի անգամ փողոցի ձայներից դինոզավրերի մռնչոց ստացանք»,- պատմում է Մարց գյուղից ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողուհի Մարիամ Խառատյանը:

Ինչպես ցանկացած ծրագրից, այնպես էլ ձայնային ձևավորումից ստացված գիտելիքներն ապագայում կիրառելու տարբերակները բազմաթիվ են՝ այսօր արդիական YouTube-յան բովանդակությունից մինչև պրոֆեսիոնալ ֆոլի արտիստներ դառնալը:

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org