Դարբնոց, թռչնաբուծարան, մասնագիտացված խոհանոց Դեբետում

Գյուղական համայնքերը սնուցող ու կենսունակ պահող ուղիներից մեկը տնտեսական նոր հնարավորություններն են։ Լոռու մարզի Դեբետ գյուղում իրականացվող «ՍՄԱՐԹ գյուղ» նախագծի առանցքային ուղղություններից մեկը հենց բիզնես հնարավորությունների ստեղծումն է՝ ենթակառուցվածքների ու հմտությունների զարգացման ծրագրերի հետ միասին։

Դեբետի գեղեցկության սրահի ու հացաբուլկեղենի արտադրության նախագծերի մասին ձեզ արդեն պատմել ենք։ Այսօր կներկայացնենք ևս 3 բիզնես նախագիծ՝ թռչնաբուծարանը, դարբնոցն ու Չամիչ հյուրատան ընդլայնվող մասնագիտացված խոհանոցը, որ շուտով կդառնան գյուղի տնտեսական ու զբոսաշրջային կյանքի կարևոր մասը։

Թռչնաբուծարան 

2020թ․-ին Հայրերի օրվա կապակցությանբ հայտարարված դրամահավաքի միջոցներով Դեբետում արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց համար գյուղում մշտական աշխատատեղ ստեղծելու ուղղությամբ մի քանի ներդրումային նախագծեր իրականացվեցին։ Թռչնաբուծարանի ծրագիրը դրանցից մեկն է։

Դեբետի բնակիչ Գարիկ Նազլուխանյանի հողատարածքում ՔՈԱՖ-ի աջակցությամբ հիմնվում է փոքրիկ թռչնաբուծարան, որն սկզբնական շրջանում կունենա 500 հավ, ապա դրանց թիվը կհասնի 1000-ի։

Գարիկի՝ 9 անձից բաղկացած ընտանիքի տարբեր անդամներ ներգրավված կլինեն աշխատանքներում, իսկ բիզնեսի շնորհիվ գյուղում կհիմնվի 3 հիմնական աշխատատեղ։ «Մեր ընտանիքը կանոնավոր լավ եկամուտ կունենա այս ծրագրի միջոցով»,- նշում է Գարիկ Նազլուխանյանը։

Դարբնոց 

Դեբետի բրենդավորումն իրականացնելիս քննարկումներին մասնակցում էր նաև 28-ամյա Տելեմակ Ոսկանյանը, որի մոտ գյուղի լոգոյով մետաղյա հուշանվերներ պատրաստելու գաղափար առաջացավ։

Պատմությունն սկսվում է համաճարակից․ «Ռուսաստանում դարբնագործությամբ էինք զբաղվում, ՔՈՎԻԴ-ի պատճառով վերադարձանք գյուղ, ու այնպես ստացվեց, որ մեր բիզնես գաղափարը դրամաշնորհ հաղթեց ՔՈԱՖ-ի կողմից հայտարարված մրցույթում»,- նշում է Տելեմակը։

Մինչ Տելեմակն ու իր հայրն անձամբ իրականացնում են դարբնոցի շինարարական աշխատանքները, պատվերները երկար սպասել չեն տալիս։ Իրենց ներկայիս ունեցած գործիքներով պատրաստում են դարպասներ, ճաղավանդակներ, դիզայներական դետալներ ու պատրաստվում հիմնել հնոց, հուշանվերների անկյուն ու զբոսաշրջիկների համար ինքնուրույն որևէ իր պատրաստելու հատված։ Հիմնվում է Ոսկանյանների ընտանեկան նոր բիզնեսը, արտագաղթելու միտքն ու պատճառը՝ հօդս ցնդում։

Չամիչ հյուրատան մասնագիտացված խոհանոցը

Դեբետում հյուրընկալության բիզնեսները գնալով շատանում ու կատարելագործվում են։ Այս զարգացումներից անմասն չի մնում նաև Չամիչ հյուրատունը՝ մտերմիկ ու գողտրիկ անկյուն, որտեղ կարող եք գիշերել, վայելել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ ու հիանալ Դեբետի՝ կանաչով շնչող բնությամբ։

Դեբետում բիզնես ծրագրերի զարգացման շրջանակներում ՔՈԱՖ-ի կողմից աջակցություն ստացավ նաև Չամիչ հյուրատունը։ Նպատակը հյուրատանը կից մասնագիտացված խոհանոց հիմնելն է, որտեղ համեղ ուտեստների պատրաստմանը զուգահեռ կանցկացվեն մասնագիտացված վարպետաց դասեր։

Չամիչի ընդլայնված խոհանոցը կկարողանա սպասարկել 80-90 այցելուի, իսկ խոհարարության դասերը կկարողանան ընդգրկել 15-20 հոգու։ Այս նախագծի շնորհիվ Դեբետում կբացվի 6 նոր աշխատատեղ։

*****

Ամեն ինչ ծնվում է գաղափարից, իսկ Դեբետում բիզնես գաղափարների հավաքագրում ՔՈԱՖ-ն իրականացնում է ամեն տարի։ Մեր աջակիցների շնորհիվ ներկայացված բիզնես ծրագրերից լավագույները կյանքի են կոչվում՝ դառնալով մի ընտանիքի չարտագաղթելու, մեկ ուրիշի ավելի բարեկեցիկ կյանքի, մեկի՝ երկար տարիներ անլուծելի թվացող խնդիրների լուծման առիթ։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org