Հայկական կաթնամթերքը հայտնի է իր մաքրությամբ, քիչ հավելումներ ունենալու նշան հանդիսացող պիտանելիության սեղմ ժամկետներով ու համով։ ՔՈԱՖ-ի՝ տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերի շնորհիվ Լոռու մարզում արտադրվող կաթի որակն էապես բարելավվում է, պանրագործության արվեստը նոր բարձունքերի հասցնում։ Ինչպե՞ս։
Ծանոթանալով մեր «ՉիզԱփ» նախագծին՝ կիմանաք, որ ծրագիրը թիրախավորում է որակյալ պանրի արժեշղթա արտադրելու բոլոր փուլերը՝
- տասնամյակներ անտեսված հողերի մշակում,
- սննդարար մշակաբույսերի ցանում,
- կովերի՝ ավելի սննդարար կաթ տվող ցեղատեսակների հետ սերմնավորում
- գոյություն ունեցող կաթնամթերքի գործարանների վերազինում ու նորերի հիմնում,
- պանրի արտադրության բուն գործընթաց։
2022-ի հունիսին Դսեղում ու Ձորագյուղում վերաբացվեցին լիովին վերազինված ու վերանորոգված պանրի արտադրամասեր, որոնք արդեն իսկ արտադրում են շուկայում եզակի տեսակի ու որակի պանիրներ։ Իսկ թե ինչ աշխատանքներ են տարվել մինչ օրս, ներկայացնենք փուլ առ փուլ։
Սովորելով աշխարհի լավագույն մասնագետներից
Կարողությունների զարգացումը ՔՈԱՖ-ի յուրաքանչյուր ծրագրի առանցքային բաղադրիչ է։ «ՉիզԱփ» ծրագրերի շրջանակներում որակյալ պանրատեսակներ ստանալու համար անգնահատելի ներդրում է տեղի և միջազգային լավագույն փորձագետների կողմից դասընթացների անցկացումը։ Մինչ ծրագրի մեկնարկը Դսեղում ու Ձորագյուղում կաթնամթերքի արտադրությունը սահմանափակվում էր մածունով, թանով ու սահմանափակ քանակի չանախ պանրով։ Այժմ նրանց արտադրանքի շրջանակն ու որակը լիովին այլ է։
USAID Armenia-ի աջակցությամբ իրականացվող Farmer To Farmer ծրագրի շրջանակներում, ինչպես նաև SES կազմակերպության միջոցով Հայաստան են ժամանել ոլորտի փորձագետներ ԱՄՆ-ից ու Շվեյցարիայից ևԴսեղի ու Ձորագյուղի պանրարտադրության մեջ ներգրավված մասնագետների հետ կիսվել գաուդա, չեդեր, պարմեզան և այլ տեսակի պանիրների պատրաստման իրենց փորձով։
«Դասընթացները շարունակական են լինելու․ ամեն տարի կունենանք միջազգային փորձագետներ, որոնք ծրագրի մասնակիցներին կօգնեն շարունակ բարելավել արտադրվող պանիրների որակն ու նոր տեսակներով հարստացնել արտադրանքը»,- նշում է «ՉիզԱփ» ծրագրի ղեկավար Լուիզա Սևունին։
Որակյալ սարքավորումը՝ որակյալ արտադրանքի գրավական
Մասնագիտական կարողություններից զատ՝ բարձրորակ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ են ժամանակակից, որակյալ սարքավորումներ, որոնք կհեշտացնեն պատրաստման գործընթացն ու կապահովեն կաթնամթերքի կայուն, հուսալի որակ։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA), ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և ՔՈԱՖ-ի համատեղ ջանքերով վերը նշված երկու արտադրամասերին տրամադրվել են տասնյակ սարքավորումներ՝ կաթի սառեցման սառնարաններ, լաբորատոր սարքավորումներ, կաթի վերամշակման և սեղմման վաննաներ, գազի կաթսաներ, սեղաններ, լվացարաններ, սառնարաններ, վակուումային ապարատ և այլն։
Զուգահեռաբար, գործարարների կողմից համաներդրման սկզբունքով իրականացվել է գործարանային տարածքներիի վերանորոգում՝ սննդի անվտանգության պահանջներին համապատասխան։ Կառուցվել են աղաջրերի ու պանրի սառեցման սենյակներ, լաբորատորիաներ, հանդերձարաններ և պանրի արտադրության հատված։
Մեծ երազանքներ, նոր հեռանկարներ
«Այս տարի ծրագրում տեխնոլոգիական և ուսուցողական տարի էր, ու մենք կարողացանք ժամանակը ծրագրի օգտին ծառայեցնել՝ զարգացնելով բիզնեսներն ու զուգահեռ որակյալ արտադրանք տալով։ Այժմ զբաղվում ենք պանիրների բրենդավորմամբ և բանակցություններ վարում տեղի ու դրսի շուկաներում արտադրանքի իրացման համար: Արդյունքում կունենանք սպիտակուցային բարձրարժեք պանիրների մեծ ընտրանի՝ չեդեր, պարմեզան, գաուդա, սուլուգունի և այլ տեսակներ»,- նշում է ծրագրի ղեկավար Լուիզա Սևունին։
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ավելի քան 70 աշխատատեղեր (դրանցից 2-3 տասնյակն արդեն ստեղծվել են), իսկ 4-ամյա նախաձեռնության տնտեսական ազդեցությունը կտարածվի ավելի քան 250 գյուղաբնակ ընտանիքների վրա։
Գյուղատնտեսությունը գյուղը կենսունակ պահող շարժիչ ուժն է, «ՉիզԱփ»-ը՝ այն նախագիծը, որը գյուղաբնակ տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին պահում է գյուղում, նրանց կարողությունների ու հնարավորությունների զարգացման նոր հեռանկար տալիս՝ տնտեսական մեծ ազդեցություն ունենալով ողջ տարածաշրջանում։