-Գագոյին հարմար տեղավորեցի՞ր, դե թռի բեմ…
-Գագոն արդեն նստած է, դու էլ սկսի նկարել…
Այսպես են սկսվում Լեռնագոգից 11-ամյա Մանեի նկարչության ու թատրոնի ծրագրերը։
Գագոն տիկնիկ է, որը տասը տարուց ավել Մանեի անբաժան ընկերն է։ Գագոյի ներկայությանը հասցրել են հարմարվել և՛ երեխաները, և՛ ծրագրավարները։
Մանեն Լեռնագոգում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրի առաջին մասնակիցներից է։ Նա հիշում է՝ երբ իրենց դպրոցում աշակերտներին ներկայացնում էին բասկետբոլի ու նկարչության ծրագրերը, նրա մոտ կասկած անգամ չկար՝ որ ծրագրին գրանցվել։
Մեկ տարի առաջ էլ Մանեն իմացավ «Իմ թատրոն»-ի մասին ու այնքան ոգևորվեց, որ մի ամբողջ օր տնեցիքի գլուխը տարավ` թատրոնի մասին խոսելով։
«Նկարչությունն ու թատրոնը ինձ օգնում են ազատ ստեղծագործել ու ապրել կյանքի ամենատարբեր դրվագներ»,- մեծավարի ասում է Մանեն։
Նա ուզում է դերասանուհի դառնալ ու «մի քիչ էլ դիզայներ»։ Իսկ ամենից շատ կուզենար «Ռապունցել» հայտնի մուլտֆիլմի հերոսուհուն նմանվել։
*Գագոյի անվան ընտրությունը պատմությանն անհայտ է։