ՍՄԱՐԹ-ի երիտասարդներից ամեն մեկը հայտնի է իր այս կամ այն ուժեղ կողմով, Նվարդ Պետրոսյանն էլ՝ իր թվային նկարներով։
Թվային նկարչությունը Նվարդի՝ ՍՄԱՐԹ-ում մինչ օրս մասնակցած ծրագրերից մեկն է՝ Անգլերենի, Կատարողական արվեստի, Ծրագրավորման, Չինարենի և Ձայնային ձևավորման հետ միասին։ Ահա մի քանի ներշնչանք, որոնք Լոռու Օձուն գյուղից 17-ամյա Նվարդին օգնում են աշխարհում գեղեցիկը տեսնել։
Հասկանալով Վան Գոգին
Նկարչության մեջ Նվարդն ամենաշատը ոգեշնչվում է Վան Գոգի կտավներից ու գտնում, որ իր նկարներում նրա գույներն ու շունչը կան։ Բացի նկարչի ստեղծագործություններից, ազդվել է նաև ծանոթանալով վերջինիս կյանքի պատմությանը, դիտել նրա մասին բոլոր ֆիլմերը։ «Ինձ շատ հուզեց այն, որ Վան Գոգն իր կենդանության օրոք միայն մի կտավ է վաճառել»,- ասում է Նվարդը։
Երազանքների քաղաքը
Մոլորակի վրա Նվարդին ամենահետաքրքրող քաղաքը Էդինբուրգն է՝ շոտլանդական մայրաքաղաքը, որ հայտնի է արվեստի և մշակութի հարուստ ժառանգությամբ ու փառատոններով։ «Ինձ համար Էդինբուրգն ամենագեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաքն է»,- անկեղծանում է նա՝ անհամբեր սպասելով ամենը սեփական աչքերով տեսնելուն։
Բացօթյա արվեստանոց
Ինչի՞ մասին կարող է երազել ամեն ինչում էսթետիկը փնտրող նկարիչը։ Դե իհարկե, բացօթյա արվեստանոցի։ Լինելով չքնաղ բնություն ունեցող Օձունից՝ Նվարդը սիրում ու գնահատում է բնաշխարհն ու երազում մի օր այնտեղ իր սեփական արվեստանոցն ունենալ։
Լինել Օձունից
Շուտով սկսվում է տարվա ամենաակտիվ զբոսաշրջային շրջանը, իսկ Հայաստանում զբոսաշրջիկների սիրելի վայրերից է նաև Օձունը։ Նվարդն ասում է՝ գյուղում զբոսաշրջիկներին մեծ սիրով են ընդունում ու հյուրասիրում այն բոլոր բարիքները, որ ամբողջ գյուղում աճում են՝ մոշ, հապալաս, մորի․․․ՍՄԱՐԹ-ը՝ երազանքների սկիզբ
Մտածելով իր երազանքների մասին՝ ասում է, որ դրանք բոլորը սկիզբ են առել ՍՄԱՐԹ-ից։ Վերջինս իր մեջ շատ կարծրատիպեր է կոտրել ու մտածողություն փոխել։ «ՍՄԱՐԹ-ում երբեք չես կարող ձանձրանալ, եթե հակված ես սովորելու․ բոլոր հնարավորությունները ստեղծված են դրա համար»,- ասում է նա։
Ինչպես բոլոր ՔՈԱՖցիները, Նվարդը ևս ՍՄԱՐԹ-ի ճարտարապետությունն առանձնահատուկ է համարում։ Երբ ՍՄԱՐԹ-ում լինեք, նրան փնտրեք կենտրոնի մեծ պատուհանների ու ծածուկ անկյունների մոտ։