Վանաձորից 26-ամյա արվեստագետ Վահրադ Մելիքջանյանը ոնց որ իր իսկ նկարներից ու ռոբոտ-քանդակներից փախած կերպար լինի:
Վահրադն այս կարծիքը չի էլ հերքում: Նա համոզված է, որ յուրաքանչյուր արվեստագետ ենթագիտակցորեն իրենից ինչ-որ բան է դնում իր ստեղծած կերպարի մեջ:
«Առաջին անտրոպոմորֆ ռոբոտն ով տեսնում է, ասում է, որ ոտքերը ճիշտ իմ ոտքերի կրկնօրինակն է»,- ժպտալով ասում է Վահրադը` հայացքն իր ոտքերից սահուն տեղափոխելով քանդակի ուղղությամբ:
Նրա բոլոր հերոսներն իր մեջ են ապրում, նա ուղղակի այլ իրականությունից նրանց տեղափոխում է մեր իրականություն: Ահա թե ինչու Վահրադը անիմաստ է համարում նրանց անուններ տալ:
«Ինչպե՞ս կարելի է անուն տալ մի բանի, որ մեր տեսանելի իրականության մեջ գոյություն չունի: Նրանք ապրում են միայն ինձ տեսանելի իրականությունում»,- ասում է նա:
Արվեստի ամեն մի ճյուղ յուրովի է հետաքրքրում Վահրադին, բայց վերջին ամիսներին նրա ամբողջ ուշքն ու միտքը անտրոպոմորֆ ռոբոտներն են, որոնց ստեղծման վրա էլ նա աշխատում է օր ու գիշեր:
Վահրադի ստեղծած անտրոպոմորֆների հավաքածուն բաղկացած է լինելու 30 ռոբոտներից, որոնք պլանավորում է ցուցադրել ինչ-որ լքված գործարանի շենքում:
*Ընկերական շրջապատում Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրա անունը չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը նույնպես արձագանքում է։