2024 թվականին լրացավ ՔՈԱՖ-ի գործունեության 21-րդ տարին, որն ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի փոխակերպմանն ու հնարավորությունների ընդլայնմանը: Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր նվիրված համայնքի, այդ թվում՝ Ձեր շարունակական աջակցության:
Նախքան գալիք տարվա ոգևորիչ ուղին սկսելը, ուզում ենք Ձեզ հետ կիսվել 2024-ի համատեղ ձեռքբերումներով, պատրա՞ստ եք։
Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնարկեքը
ՔՈԱՖ-ի երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնի հիմքերը գցված են Արմավիրում, արդյունքները չեն ուշանա։ Մեր ավանն իր 90 հեկտարով վերածվելու է համայնքային զարգացման նորարար կենտրոնի՝ հագեցած տարբեր ենթակառուցվածքներով, որոնք ապահովելու են հասանելի և որակյալ ծառայություններ մարզի համար։ ՍՄԱՐԹաֆիկացման հաջորդ կանգառը Սյունիքն է:
Դեբեդի դպրոցի հիմնարկեքի արարողությունը
Դեբեդի միջնակարգ դպրոցի հիմքերը ևս դրված են, բացումը նախատեսվում է 2025 թվականին։ Նոր դպրոցը, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր և գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով և ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով:
Յուրեջյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացումը
Մենք բացեցինք մեր 4-րդ Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որը յուրաքանչյուր տարի անվճար ծառայություններ է մատուցելու մի քանի հազար շահառուի, այդ թվում՝ վաղ մանկան զարգացում, լոգոպեդի, սոցիալական աշխատողի և հոգեբանի աջակցություն։
ՔՈԱՖ-ի անգլերեն դասագրքերի գործարկումը
ՔՈԱՖ-ի անգլերեն ծրագրերի թիմի կողմից մշակված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների դասագրքերը հաղթեցին պետական մրցույթը և երաշխավորվելով ԿԳՄՍՆ կողմից, արդեն լայնորեն կիրառվում են հանրապետության դպրոցներում։
Դսեղի առողջության կենտրոնի բացումը
Սերտորեն համագործակցելով ՀՀ Առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ, մենք Դսեղում բացեցինք առողջության կենտրոն, որը որակյալ բուժօգնության հասանելիություն է ստեղծելու Լոռու 7 գյուղական համայնքի 4,000 բնակչի համար։
Կրթաթոշակային ծրագրի ընդլայնում
«Յուրեջյան ընտանեկան հիմնադրամ»-ի նվիրաբերության շնորհիվ ևս 110 նոր կրթաթոշակառու սկսեց իր ուղին Հայաստանի ԲՈՒՀ-երում և միացավ կարիերայի զարգացման մեր ծրագրերին՝ այդպիսով ներկա ՔՈԱՖ կրթաթոշակառուների թիվը հասցնելով 329-ի:
Գիտության շաբաթ փառատոն
Տիեզերքի թեմատիկայով մեր ինտերակտիվ տաղավարը դարձավ Հայաստանում առաջին «Գիտության շաբաթ» փառատոնի ամենագրավիչ անկյուններից մեկը, որտեղ ներկայացնում էինք մասնագիտական կողմնորոշման և կրթական հնարավորությունների ՔՈԱՖյան տարբերակները։ իսկ փառատոնին զուգահեռ անցկացվող Digitec/WCIT գագաթնաժողովի շրջանակում մեր հիմնադիր Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի կոչման։
ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռնարկությունների աճը
Այս տարի մեր BEES նախագծի շրջանակում արտադրվել է շուրջ 3,000 կգ բարձրորակ մեղր, որը հասանելի է ինչպես սուպերմարկետներում, այնպես էլ առցանց խանութներում։ Իսկ CheeseUp-ն ընդլայնել է պանրի արտահանումը դեպի Վրաստան և հայտնվել Երևանի խոշոր սուպերմարկետներում՝ զգալիորեն բարձրացնելով ֆերմերների եկամուտը։
Մեր բոլոր սոցիալական ձեռնարկությունները՝ ներառյալ Կոնցեպտ հյուրանոցն ու Այցելուների կենտրոնը, որոնք միայն այս տարի հազարավոր զբոսաշրջիկներ են հյուրընկալել, գոյացած շահույթն ուղղում են մեր բարեգործական ծրագրերի ընդլայնմանը։
7 մլն. դոլար՝ ՔՈԱՖ-ի 21-րդ ամենամյա Գալայի շրջանակում
Եվս մեկ տարի, ևս մեկ անմոռանալի Գալա, որն իր շուրջ համախմբեց ՔՈԱՖ-ի նվիրված համայնքին ամբողջ աշխարհից: Հյուրերի աստղային կազմ, դափնեկիրներ և 7 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է 2025 թվականի փոխակերպիչ ծրագրերի իրագործմանը։
Այս և բազմաթիվ այլ նախաձեռնություններ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների և տնտեսական զարգացման ոլորտներում հաջողությամբ իրականացվել են մեր գյուղական համայնքներում 2024ին:
Եկեք շարունակենք միասին ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա իրացնել իր ողջ ներուժը և նվաճել նոր հորիզոններ։