2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

Ամփոփելով 2023-ը, որը Հայաստանի և Արցախի համար լի էր աննախադեպ մարտահրավերներով, մենք շնորհակալ ենք Ձեր պատրաստակամ աջակցության, նվիրաբերությունների ու սրտացավ վերաբերմունքի համար։ Դա մեզ ոգեշնչեց անել ավելին Հայաստանի մանուկների, նրանց ընտանիքների և գյուղական համայնքների զարգացման համար։

ՏՈՆԱԿԱՆ ԳԱԼԱ, ՈՐԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇՎԻ

Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում տեղի ունեցած մեր ամենամյա 20-րդ Գալան ՔՈԱՖ համայնքի հզորության ինքնատիպ վկայություն էր: Երեկոյի ընթացքում մեզ հաջողվեց հավաքել պատմական 10 մլն ԱՄՆ դոլար՝ միավորելով մեր աջակիցներին աշխարհի տարբեր անկյուններից՝ ներառյալ այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են դերասան Ջո Մանգանելոն, դերասանուհի Անդրեա Մարտինը և ՔՈԱՖ-ի նվիրյալ դեսպաններ Ջոն և Թամար Ախոյանները:

ԽԹԱՆԵԼՈՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած առկա դժվարություններին՝ ՔՈԱՖ-ն այս տարի ևս շարունակեց նպաստել տեղական տնտեսությանը։ Մենք ընդլայնեցինք մեր բիզնես նախագծերը՝ Հայաստանի ամենամեծ սոցիալական ձեռնարկություն հանդիսացող ՔՈԱՖ Կոնցեպտը և զբոսաշրջիկների սիրելի վայր դարձած ՔՈԱՖ Այցելուների կենտրոնը: Այս ձեռնարկությունները ոչ միայն ստեղծում են նոր աշխատատեղեր, այլև նպաստում են գյուղական համայնքների կայուն զարգացմանը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ՈՎ՝ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով ստացած 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհը մեզ հնարավորություն տվեց ընդլայնել մեր գործունեության քարտեզը՝ հասնելով Սյունիք։ Այնտեղ նախատեսվում է միանգամից երկու նոր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացում, որը նշանակալիորեն կամրապնդի նորարարական կրթության միջոցով երեխաներին հզորացնելու մեր հանձնառությունը:

ԱՐՎԵՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑ

«Վահէ և Լյուսի» հիմնադրամի շնորհիվ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ն այս տարի գույների, ստեղծարարության ու արվեստոտ արկածների պակաս չուներ։ Իրագործելով արվեստի ուղղվածությամբ 7 աշխատարան հանրահայտ արտիստների հետ՝ տարին Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում ամփոփվեց «Հայկականի արդիականացում» խորագիրը կրող մրցույթով։ Դրա նպատակն էր նպաստել ստեղծարարության զարգացմանը մարզում, բացահայտել տաղանդավոր երեխաների ու պատանիների, ինչպես նաև ոգևորել նրանց դրամական և խրախուսական պարգևներով։ Մրցանակաբաշխության ընթացքում 52 մասնակից ստացավ մրցանակ՝ տարբեր ուղղվածությունների ու տարիքային խմբերի մեջ ճանաչվելով լավագույնը։

ԸՆԴԼԱՅՆԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Արձագանքելով առկա սոցիալական մարտահրավերներին՝ ՔՈԱՖ-ը, «Յուրեջյան ընտանիք» հիմնադրամի անգնահատելի աջակցության շնորհիվ, որոշում կայացրեց ևս երեք Երեխայի և ընտանիքի կենտրոն հիմնել Արմավիրում, Շիրակում և Սյունիքում։ Այս կենտրոններն ուղղված են այնպիսի կենսական նշանակության ծառայությունների մատուցմանը, ինչպիսիք են վաղ մանկան կրթությունը, լոգոպեդի, հոգեբանի և սոցիալական աշխատողի աջակցությունը։

ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

2023 թվականին մենք նշեցինք նաև ՍՄԱՐԹ կենտրոնի 5-ամյակն ու դրա ազդեցությունը Լոռու 28 համայնքի ավելի քան 4,000 երեխայի և երիտասարդի վրա: Առաջարկելով փոխակերպող հնարավորություններ՝ կենտրոնը խթանում է ՍՄԱՐԹացիների մտահորիզոնի ընդլայնմանը արտադպրոցական ծրագրերի, միջոցառումների, սեմինարների և էքսկուրսիաների միջոցով։

ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

Ընդլայնելով մեր կրթական նախաձեռնությունները Արմավիրի և Արագածոտնի մարզերում՝ այս տարի 29 համայնքում մեկնարկել է սպորտի, արվեստի և ԲՏՃՄ (STEM) ուղղվածությամբ 9 արտադպրոցական ծրագիր: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն զարգացնել երեխաների հմտությունները և խթանել ստեղծագործականությունը՝ թույլ տալով նրանց բացահայտել սեփական տաղանդներն ու ներուժը։

ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2023-ի ամռանն իրականացված արվեստի, արհեստի ու երաժշտության ՔՈԱՖ փառատոնը ցուցադրեց Լոռու ողջ հմայքը՝ ներգրավելով ավելի քան 5,000 մասնակցի։ Սա ինքնատիպ հարթակ էր՝ հանրայնացնելու Հայաստանի տարբեր մարզերի հայտնի երաժիշտների տաղանդը, բացահայտելու արհեստագործների յուրատիպ աշխատանքները և վայելելու «Լուսավոր Լոռի»-ն արտասովոր ինստալյացիան։

ՆԱԽԱԳԻԾ H.O.P.E. («ՀՈՒՅՍ»)

100,000 հայի բռնի տեղահանումը Արցախից հանգեցրեց հումանիտար ճգնաժամի, որին արձագանքելով՝ ՔՈԱՖ-ը գործարկեց H.O.P.E. («Հույս») մարդասիրական նախագիծը։ Դրա նպատակն է աջակցել մեր հայրենակիցներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:

ԶԱՐԳԱՑՈՂ ԹԻՄՈՎ՝ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

2023 թվականին ՔՈԱՖ-ն ընդլայնել է իր թիմը՝ մեկ գաղափարի շուրջ համախմվելով շուրջ 200 նվիրված աշխատակցի։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել Հայաստանի անտեսված համայնքներում դրական փոփոխություններ բերելու մեր առաքելությունը՝ կրկնակի եռանդով ու վճռականությամբ։

Փակելով այս էջն ու հայացքն ուղղվելով ավելի փայլուն ապագային՝ մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեր շարունակական աջակցության ու նվիրվածության համար: Դուք հնարավորություն եք տվել մեզ հասնել նոր բարձունքների և երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա:

Մաղթում ենք Ձեզ խաղաղ ու հաջողակ տարի։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org