ՔՈԱՖ-ի 10 կանանց կյանքի բանաձևը

ՔՈԱՖ-ի աշխատակազմի 69%-ը և ղեկավար թիմի 44%-ը կանայք են։ Մենք ամեն օր ենք հիանում նրանցով ու գնահատում այն ներդրումը, որը նրանք ունեն մեր առաքելության ամրապնդման, ամենօրյա արդյունավետ որոշումների ու երեխաների ու նրանց միջավայրը բարելավելու մեջ։

Նրանց ավելի լավ ճանաչելու համար մենք խոսեցինք ՔՈԱՖ-ի 10 կանանց հետ իրենց կյանքի բանաձևի, այն սկզբունքների և սովորությունների մասին, որոնք կարևոր են եղել իրենց մեծ ու փոքր նվաճումների մեջ:

Հասմիկ Սարգսյան

Բարերարների հետ հարաբերությունների զարգացման և ֆոնդհայթայթման պատասխանատու

Արդեն 10 տարի յոգայով եմ զբաղվում և 8 տարի է՝ բուսակեր եմ։ Հավատացած եմ, որ մարդկային որևէ արարած իրավունք չունի որոշելու՝ ով պիտի ապրի ու ով՝ ոչ, այդ թվում՝ կենդանիների մասին։ Կարևորագույնն ինձ համար մտքերի ու մտադրությունների անկեղծությունն է, սրտի մաքրությունը, սեր տալու ու ստանալու կարողությունը։ Սովորել եմ սիրել տարվա 4 եղանակներն էլ, երբ յուրացրի դահուկ քշելը։ Արթնանում եմ առավոտյան 5։30-6-ին՝ մեդիտացիայի․ սա օրվա լավագույն ժամն է, երբ օդում, տիեզերքում միայն դրական ալիքներ են։

Մելինե Ղարիբյան

Գրասենյակի համակարգող

Մի հրաշալի սովորություն ունեմ․ գլխովին տարվում եմ նրանով, ինչ անում եմ։ Իմ երկու մասնագիտություններից որևէ մեկը կապ չունի այն աշխատանքի հետ, որ անում եմ այժմ։ Բայց սա նոր փորձառություն է․ անկախ նրանից՝ ժամանակավոր, թե մշտական աշխատանք է, ես հաճույք եմ ստանում գործից։ Մի որոշ ժամանակ աշխատել եմ ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքի ստուդիաներից մեկում՝ որպես ձայնային ու լուսային օպերատոր, եղել է՝ մեր ընտանեկան ռեստորանում շաբաթ-կիրակի օրերին զուգարան եմ մաքրել, աշխատել եմ «Anthropologie» կոչվող հագուստի խանութում, Պատմության ազգային թանգարանում որպես էքսկուրսավար ու հետազոտող եմ աշխատել (պատմության բակալավր եմ)։ Ներկայումս նաև որպես լուսանկարիչ եմ աշխատում գրեթե բոլոր Hardcore Punk/ Metal շոուներում, երբ էլ ու որտեղ էլ լինեմ։ Սիրում եմ ինձ փորձարկել տարբեր դերերում, սիրում եմ մարդկային փորձը։ Դրանից հետաքրքիր էլ ի՞նչ կա։

Իննեսա Գրիգորյան

Վարչական բաժնի ղեկավար, մարդկային ռեսուրսների կառավարիչ

Որպես ՔՈԱՖ-ի սատարող օղակի ղեկավար՝ աշխատանքային ամեն մանրուքում ձգտում եմ գերազանցության ու վայելում եմ գործընկերներիս հետ մարդկային հարաբերությունները։ Պայծառ գործընկերներս ՔՈԱՖ-ի՝ Հայաստանի զարգացման  առաջատար կազմակերպության, անկյունաքարերն են։ Շարունակաբար գնահատել յուրաքանչյուրի աշխատանքն ու հոգ տանել մեր առաքելության ու ձեռբերումների մարդկային կողմի մասին․ դա է կոլեկտիվ հաջողության իմ բանալին։

Որպես կին և մայր՝ շատ եմ կարևորում մարդկային բարձրագույն արժեքները՝ սերը, հարգանքը, ազնվությունն ու երախտագիտությունը։ Բարություն սերմանելը, արդարությունը միշտ վառ պահելը, սեր տարածելը, հարգալից լինելը, ազնվությամբ առաջնորդվելն ու երախտագիտություն դրսևորելը իմ ամենօրյա սովորույթներն են։ Դրանք ոչ միայն շրջապատիս վրա են դրական անդրադառնում, այլև հենց ինձ վրա։ Ու դրանց ուղղորդմամբ ես անվերջ փնտրում եմ իմ մեջ նորը։

Իրինա Իգիթխանյան

Գործընկերությունների և միջոցառումների համակարգման ղեկավար

Ես միշտ հավատում եմ, որ մարդիկ լավն են (մեջբերում է իմ սիրած ֆիլմերից մեկից, ու դա լավագույնս է նկարագրում իմ վերաբերմունքը կյանքին), ուստի և միշտ ակնկալում եմ, որ հարաբերությունները կամ գործընկերությունը երկարատև են լինելու, ու պատրաստ եմ ամեն ջանք ներդնել դրա համար։ Ինչ էլ որ պատահում է, սովորաբար առաջինն ինքս ինձ եմ մեղադրում։ Գուցե շատ ազնիվ չէ արածս, քանի որ մարդիկ օգտվում են դրանից, բայց դա օգնում է շարունակաբար սովորել և կատարելագործվել։

Տարիներ շարունակ ծրագրեր ղեկավարելը սովորեցրել է ինձ պատասխանատվություն կրել ամեն մանրուքի ու բաղադրիչի համար, չնայած անգամ այն հանգամանքին, որ այլ մարդիկ էլ կան, որ պատասխանատու են այս կամ այն ոլորտի համար։ Դա չի նշանակում, որ միջամտում եմ (հատկապես եթե պրոֆեսիոնալներ են ներգրավված), այլ իրազեկվածությունս բարձր եմ պահում՝ պատրաստ լինելով արտակարգ իրավիճակների։

Լուսինե Սահակյան

Առողջապահական ծրագրերի ղեկավար

Հենց աղջիկս 5 տարեկան դարձավ, այդ պահից սկսած ես էի, որ սովորում էի իրենից։ Անդադար սովորելը կյանքիս կարևորագույն գործոնն է, հատկապես նոր սերնդից սովորելը։ Մեր գյուղերի երեխաներից էլ եմ շատ բան սովորել։ Նաև արժևորում եմ մարդկանց գործողությունների ու նախընտրությունների ազատությունը, այդ թվում ու հատկապես՝ իմը։

Անահիտ Հակոբյան

Գյուղական ծրագրերի ղեկավար

Ցանկացած գաղափար իրական կյանքում փորձարկելու սովորություն ունեմ․ փոքրիկ հարցում կամ փորձ եմ անում ընկերներիս կամ գործընկերնեերիս շրջանում, ամեն ինչ շատ համակարգված գրի եմ առնում, նկարում ու վիզուալիզացնում եմ մշակվող ցանկացած գաղափար և գործընթաց։

Փորձում եմ կենտրոնանալ արածս գործի զվարճալի ու հաճելի պահերի վրա։ Իմ աշխատանքը խաղայնացնում եմ (միայն երեխաների համար չէ, որ արդյունավետ է)․ կարող է հնչել ոչ որպես սովորություն, բայց այդպիսին է դարձել ինձ համար։ Ես խաղում էի ու հիմա էլ խաղում եմ տարբեր խաղեր (հատկապես՝ սեղանի), ինչն ինձ ներշնչում է նորերն ստեղծել։

Շահանե Հալաջյան

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար

Ինձ համար ամենամեծ շարժիչ ուժը, որը նաև սովորության է վերածվել, հետաքրքրասիրությունն է մշտապես սովորելու հանդեպ և ամեն բան հարցականի տակ առնելը։ Ըստ էության, առաջնորդվում եմ Դեկարտի խոսքով․ «Ես կասկածում եմ, հետևաբար մտածում եմ, հետևաբար ապրում եմ»։ Հեղափոխությունները, հարացույցների (պարադիգմ) անցումները և փոփոխություններն սկսվում են ինչ-որ մեկի մտքում ու նրա հետևողականության շնորհիվ իրականություն են դառնում։

Սեդա Մխիթարյան

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական վերլուծաբան

Եթե պետք է որոշում կայացնեմ, ու եթե թեր և դեմ բոլոր կետերը հավասարակշռում են, այդ դեպքում վստահում եմ բնազդիս, ներքին ձայնիս, որը երբեք չի դավաճանում։ Որքան շատ բան եմ ունենում անելու, այնքան շատ բան եմ հասցնում, այնպես որ, սիրում եմ ինձ ծանրաբեռնել։ Երբեք խուճապի չեմ մատնվում ու հանգստություն եմ դրսևորում ծայրահեղ իրավիճակներում անգամ։ Լավատեսությունս օգնում է հաղթահարել դժվարությունները։ Յոգայի մի քանի ասանայի կիրառումն օգնում է լիցքեր ստանալ ու ստեղծարար լինել։

Նախշուն Աֆանեսյան

Սոցիալական աշխատանքի համակարգող

Մասնագիտական անկախությունն ու ինքնիրացումը, որոնք ունեմ նաև ՔՈԱՖ-ում, ինձ համար շարժիչ ուժ են, որ կարողանամ վերլուծել ամեն ինչ ու որոշում կայացնել։ Միշտ փորձում եմ ինձ շրջապատող բազում ֆենոմենները դիտարկել տարբեր անկյուններից ու դրանից հետո միայն կարծիք կազմել։

Սյուզաննա Խաչատրյան

Անգլերենի ծրագրերի ղեկավար

Չդադարող ինքնանդրադարձը՝ թե՛ որպես անձ ու թե՛ որպես մասնագետ, մշտապես իմ ուժեղ կողմն է եղել: Արդյունքում ես միշտ քննադատաբար եմ մտածում, ստեղծագործում եմ, թիմային աշխատանք եմ կատարում` արդյունավետորեն հաղորդակցվելով տարբեր մշակույթների ու ոլորտների մարդկանց հետ։

Հետհայացքը մեկ այլ կենսական գիծ է, որ ձեռք եմ բերել։ Առաջ նայելու փոխարեն ես հետ եմ գնում ու վերլուծում։ Ամերիկացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ ու վերլուծաբան դ-ր Լու Հոլցն ասել է․ «Ոչ թե ծանրությունն է բերում անկման, այլ ծանրությունը տանելու ձևը»։ Սա միշտ պահում եմ մտքումս ու պլանավորում եմ ամեն մանրուք, նույնիսկ առօրյայում։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org